Կանխարգելել հայ ընտանիքի ավանդական արժեհամակարգի դեմ կատարվող ոտնձգությունները


Կանխարգելել հայ ընտանիքի ավանդական արժեհամակարգի դեմ կատարվող ոտնձգությունները

  • 01-03-2011 18:17:01   | Հայաստան  |  Հասարակություն
Ս. Ղեւոնդյանց քահանայից տոնի առիթով փետրվարի 28-ին եւ մարտի 1-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում գումարվեց ամենամյա քահանայից հավաքը, որին մասնակցեցին շուրջ երկու հարյուր հիսուն եկեղեցականներ Հայաստանի եւ Արցախի թեմերից: Հավաքի քննարկման նյութն էր «Ընտանիքը եւ հոգեւոր հովիվը»: Հավարտ քննարկումների հոգեւորականաց դասը հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մենք` Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգեւոր սպասավորներս, քննության առնելով հայ ընտանիքի առջեւ ծառացած մարտահրավերները, կարեւորությամբ ընդգծում ենք հայրենի պետության եւ հասարակության կյանքում ընտանիքի բացառիկ արժեքը եւ ազգապահպան առաքելությունը: Դարեր շարունակ աստվածադիր ամուսնական միության սրբազան պատվիրանը հիմն է եղել հայ ավանդական ընտանիքի` իբրեւ փոքր եկեղեցու, որին հատուկ է եղել աստվածսիրությունն ու հայրենասիրությունը, ընտանեկան սրբությունն ու հավատարմությունը ազգային, բարոյական ու հոգեւոր արժեքներին: Այս ամենը օրհնվել ու նվիրագործվել է Ս. Պսակի մեծ խորհրդով եւ այն գիտակցությամբ, թե` «Եվ երկուսը մեկ մարմին պիտի լինեն, ...որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մատթ. ԺԹ 6): Մեր հովվական ծառայության ընթացքում, սակայն, ականատեսն ենք հասարակական գիտակցության ու վարքի մեջ դրսեւորվող մտահոգիչ երեւույթների, որոնք նաեւ հետեւանքն են մեզանում հոգեւոր կյանքի ու ավանդական բարոյական արժեքների տկարացման, համաշխարհայնացման ու աշխարհիկացման գործընթացների, սոցիալական ու տնտեսական դժվարությունների: Այսօր հայ ընտանիքի առջեւ ծառացած են բարոյական այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են ամուսնության եւ պսակի խորհրդի ընկալման աղճատումը, կողակցի ու ընտանիքի նկատմամբ, զավակների ազգային-հոգեւոր դաստիարակության հանդեպ պատասխանատվության անկումը: Նմանօրինակ մտայնության եւ վիճակների անցանկալի հետեւանք են ամուսնական անհավատարմությունը, ընտանեկան բռնությունը, հղիության արհեստական ընդհատումը եւ այլ մերժելի երեւույթներ: Հայ ընտանիքում ընտանեկան բնական կյանքի խաթարման եւ հաճախ ամուսնալուծության պատճառ է դառնում դրանից բխող դառն հետեւանքներով նաեւ տարբեր կրոնական կազմակերպությունների եւ շարժումների քայքայիչ գործունեությունը: Այս ամենով մտահոգված ընդգծում ենք անհրաժեշտությունը մեր հովվական ծառայության մեջ առավել գործուն ջանքեր ներդնելու` ի զորացումն Եկեղեցու եւ ընտանիքի դարավոր կապի` հանապազորյա խնամքով, եկեղեցա-ծիսական արարողություններով, նախաամուսնական եւ հետամուսնական շրջանում զույգերի հետ իրականացվող հետեւողական հոգեւոր-խորհրդատվական ծառայություններով: Ամուսնացող զույգերին հորդորում ենք ամուսնության նկատմամբ առավել պատասխանատու մոտեցում ցուցաբերել` օրինակ ունենալով մեր աստվածապաշտ հայրերին, եւ Ս. Պսակի խորհուրդն ընդունել որպես անշահախնդիր սիրո, միմյանց սատարումի եւ հոգատարության անքակտելի սուրբ միություն: Այս նկատառումով մեծապես կարեւորում ենք մեր ողջ հանրության` անհատների, պետական եւ հասարակական կառույցների, զանգվածային լրատվության միջոցների համագործակցությունը հայ ընտանիքի ավանդական արժեհամակարգի ամրապնդման եւ ընտանիքի սրբության դեմ կատարվող ոտնձգությունների կանխարգելման գործում: Աղոթում ենք Երկնավոր մեր Տիրոջը Հայրենի մեր երկրի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի համար, որպեսզի ապավինությամբ առ հարուցյալն Աստված, ազգային եւ հոգեւոր միաբանությամբ շարունակենք ջանքեր ներդնել հայ ընտանիքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանն ի նպաստ: Հավատում ենք, որ կհաղթահարվեն հասարակական մեր կյանքը հուզող բոլոր տեսակի դժվարությունները, եթե մեզանում գերիշխեն հավատն առ Աստված, սերը եւ վստահությունը միմյանց, Հայրենիքի եւ Մայր Եկեղեցու հանդեպ, հավատարմությունը մեր ազգային արժեքներին ու նախնյաց ավանդներին»: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play