Հայ ժողովրդին ծառայող անկախ հայրենիք ունենալու մեր այս ԱՐԵՒԻ ազատամարտը 1988 թ. սկսուած Արցախականի կրկնութիւնն է


Հայ ժողովրդին ծառայող անկախ հայրենիք ունենալու մեր այս ԱՐԵՒԻ ազատամարտը 1988 թ. սկսուած Արցախականի կրկնութիւնն է

  • 06-03-2013 18:57:55   | Հայաստան  |  Վերլուծություն

 

        1.Պատերազմի մէջ գտնւող մեր երկրի արդիւնաւէտ պաշտպանութիւնը կարող է գլխաւորել միայն բնակչութեան բացարձակ մեծամասնութեան քուէն ստացած ՀՀ  նախագա՛հը: Ցանկացած պատերազմող երկրի համար պարտութեան վտանգը մեծանում է, երբ իր թիւ մէկ պաշտօնեան բնակչութեան մեծամասնութեան համակրանքը չունի : Պատերազմի մէջ գտնւող Հայաստանում  օտար երկրի թելադրանքով  կեղծ  քուէներով ինքզինքը նախագահ եւ բանակի գերագոյն գլխաւոր հրամանատար  է  յայտարարել պարտուած թեկնածուն, որին ՀՀ առնուազն կէս միլիոնից աւելի քաղաքացի համարում է կեղծընտիր: Սա արդէն աղէտ է:  Աշխարհի եւ ոչ մի պետութիւն այնքան չի երազում, որ  Հայաստանն ունենա  հեղինակազուրկ նախագահ, որքան մեզ հետ պատերազմի մէջ գտնւող հարեւանը եւ Թուրքիան: Երրորդ պետութիւնը, որին շատ է պէտք Հայաստանն ունենա հեղինակազուրկ նախագահ, Ռուսաստանն է: Այսրկովկասի մեծ մասը 1991 թ. կորցնելուց յետոյ այդ յետագնաց բռնապետութեան  գերագոյն նպատակը եղել եւ մնում է երկամասի վերանուաճումը: Տարածաշրջանը վերանուաճելու համար բռնապետութիւնը սադրելու է հայ-ադրբէջանական պատերազմ, որը իբր թէ կանխելու պատրուակով  զօրք պիտի մտցնի տարածաշրջան:  Իր հերթական սադրանքը ՀՀ իր դրածոյ նախագահի ձեռամբ  իրականացնելու ճանապարհին Ռուսաստանը  համայն հայութեանն արդէն սկսել է վախեցնել Ադրբէջանի հետ պատերազմով: Աւելին՝  իր ծրագրած հայ-ադրբէջանական պատերազմը սկսելու ամբողջ մեղքը ՀՀ իշխանական ու նաեւ անտեղեակ քարոզչամիջոցներով գցում է Րաֆֆի Յովհաննիսեանի վրայ, որը ընդամէնը գլխաւորում է ՀՀ բնակչութիւնից  կողոպտուած  քուէները տիրոջը վերադարձնելու եւ երկրի ընկերային-տնտեսական ու ռազմաքաղաքական աղէը կասեցնելու համաժողովրդական պայքարը:  Այսինքն՝ ՀՀ կառավարող վարչախումբը իր ապօրինի իշխանութիւնը շարունակելու համար դրսի թելադրանքով  նորից  ու  վերստի՛ն  շահարկում է Արցախի հարցը: Հետեւաբար համայն հայութիւնը  պէտք է միասնաբար գտնի հերթական ծուղակը չընկնելու, այն է՝ ՀՀ անկախութիւնը վերականգնելու, բնակչութեան ընկերային-տնտեսական անկումը կասեցնելու եւ մեր երկրի արդիւնաւէտ պաշտպանութիւնը իրականացնելու ճանապարհը, որն այսօր մէկն է. արդար ընտրութիւններով  ՀՀ  բնակչութեանը ծառայող իշխանութիւն:                  
 
2. ՀՀ  նորընտիր նախագահ Րաֆֆի Յովհաննիսեանի եւ երկրի բնակչութեան գերագոյն խնդիրը հետեւեալն է. ընտրութիւնը կեղծելով  ՀՀ նախագահի աթոռը ապօրինաբար  զաւթած  նախագահի փոխարէն մեր երկիրը վերջապէս պէտք է ղեկավարի բնակչութեան մեծամասնութեան արդար քուէն ստացած օրինական ընտրեա՛լը: Այդ պատճառով է Րաֆֆի Յովհաննիսեանը իր պայքարը ժողովրդի կամքով շարունակում է ոչ թէ որպէս ընդդիմադիր գործիչ, այլ որպէս երկրի ընտրեալ նախագահ: Երկրորդ՝   նա  ժողովրդից  իրեն տրուած իշխանութեամբ նախկին վարչախմբին իշխանութիւնից հեռացնելը սկսել է գիւղերից, քաղաքներից , մարզերից եւ փոքր բնակավայրերից: Այսինքն՝  գործը հաւասարապէս շարունակում է հանրապետութեան ամբողջ տարածքով: Կրկնում եմ՝ սա բացառիկ նոր եւ խիստ արդիւնաւէտ մարտավարութիւն է:
 
3. Աշխարհի հեղինակաւոր բոլոր պետութիւնների ղեկավարները շնորհաւորեցին ՀՀ կեղծընտիր նախագահին: Հայ ժողովրդի խառնուածքին եւ պատմահոգեբանութանը քիչ թէ շատ ծանօթ ամէն ոք վստահ է, որ այդ համատարած շնորհաւորանքները  ՀՀ նախագահի ապօրինի իշխանութիւնը հաստատելու փոխարէն, ընդհակառակը,  բազմապատկելու են  ընտրեալ նախագահին պաշտօնի կոչելու ՀՀ  բնակչութեան եւ համայն հայութեան ջանքերը:  Րաֆֆի Յովհաննիսեանը, դրսեւորելով բացառիկ զիջողականութիւն, առաջարկեց անցկացնել ընտրութեան երկրորդ փուլ: Այս քայլը նա կատարեց  յանուն եւ ի խնդիր ՀՀ-ում հակամարտութիւնը բացառելու,  յանուն պետութեան եւ քաղաքացիների անվտանգութեան  ու  յատկապէս  յանուն հայ-ադրբէջանական պատերազմում Հայաստանի ռազմաքաղաքական հզօրութեան: Ինքնուրոյնութիւնից զուրկ պարտուած թեկնածուն ընտրեալ նախագահի այս եւ միւս առաջարկները չընդունեց, քանի որ հայրենիքի եւ բնակչութեան շահի գիտակցութիւնը չունի: Հակառակ պարագային նա, յանուն մեր երկրի անվտանգութեան եւ ազգային համերաշխութեան, պարտւոր էր համաձայնել ՀՀ նախագահի նոր ընտրութիւն անցկացնելու առաջարկին՝ թէեւ դա նրա համար կարող էր արժենալ իր կեանքը: Պարտուած նախագահը իր կենսագրականի լուսաւոր էջերը նոր ապականումից  փրկելու մէկ ելք ունի: Շնորհաւորել  ՀՀ բնակչութեանը եւ նրա ընտրած նախագահին: Եթէ մինչեւ իր լիազօրութիւնների աւարտը՝ ապրիլի 7-ը, նախկին նախագահը դադարեցնի երկիրը ապակայունացնող  գործողութիւնները, կը նշանակի յանուն ՀՀ անվտանգութեան եւ տարածքային ամբողջականութեան, մերժում է կատարել հայ-ադրբէջանական պատերազմ բորբոքելուն  լծուած յայտնի երկրի հրահանգը: Այս քայլով  նախկին նախագահը  պատմութեան մէջ կը մնա ոչ թէ իբրեւ կեղծընտիր նախագահ, այլ՝ յանուն Հայաստանի ինքնիշխանութեան կեանքը զոհաբերած հերոս...
 
                      Ռաֆայէլ  Համբարձումեան
 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play