Բան Կի-մուն. Հազար օր` կատարելու Հազարամյակի խոստումը


Բան Կի-մուն. Հազար օր` կատարելու Հազարամյակի խոստումը

  • 05-04-2013 11:21:51   | ԱՄՆ  |  Վերլուծություն

 

Հազար մղոն հեռավորությամբ ճամփորդությունը սկսվում է ընդամենը մեկ քայլով, բայց սկսելով այս շաբաթ՝ մենք կարող ենք հազար օր առաջ ընթանալ դեպի նոր ապագա:
Ապրիլի 5-ին աշխարհը կհասնի մարդկության ողջ պատմության ընթացքում աղքատության դեմ ամենալայնածավալ և ամենահաջողված պայքարի կենսականորեն կարևոր պահին. 1000 օր կմնա մինչ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու սահմանված ժամկետը:
Այս ութ հստակ նպատակները սահմանվել են 2000 թվականին, երբ աննախադեպ մեծ թվով ղեկավարներ հավաքվեցին ՄԱԿ-ում և համաձայնության եկան համաշխարհային աղքատությունը և սովը կիսով չափ կրճատելու, կլիմայի փոփոխության և վարակների դեմ պայքարելու, մաքուր ջրամատակարարման բացակայության և ջրահեռացման խնդիրները լուծելու, կրթության ոլորտում հնարավորություններն ընդլայնելու և կանանց և աղջիկների առջև հնարավորությունների դռները բացելու շուրջ:
Առաջին անգամը չէր, որ ղեկավարները բարձրագոչ խոստումներ էին տալիս: Հոռետեսներն ակնկալում էին, որ ՀԶՆ-ներից հետ կկանգնեն՝ դրանց՝ չափազանց հավակնոտ լինելու պատճառով: Փոխարենը, նպատակներն օգնեցին հաստատել համաշխարհային և ազգային առաջնահերթություններ, համախմբել գործողությունները և նշանակալի արդյունքների հասնել:
Անցած տասներկու տարվա ընթացքում 600 միլիոն մարդ դուրս է եկել ծայրահեղ աղքատությունից՝ այսպիսով աղքատների թիվը կիսով չափ կրճատվել է: Ռեկորդային թվով երեխաներ սովորում են տարրական դպրոցում, ընդ որում՝ առաջին անգամ աղջիկների և տղաների թիվը հավասար է: Մայրական և մանկական մահացության ցուցանիշը նվազել է: Մալարիայի, ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ և տուբերկուլոզի դեմ պայքարում նպատակաուղղված ներդրումները փրկել են միլիոնավոր կյանքեր: Միայն վերջին վեց տարվա ընթացքում Աֆրիկայում մեկ երրորդով կրճատվել է ՁԻԱՀ-ի հետևանքով մահացությունների թիվը:
Դեռևս բազում նպատակներ կան, որոնց հարցում մենք ավելի մեծ առաջընթացի կարիք ունենք: Չափազանց մեծ թվով կանայք դեռևս մահանում են ծննդաբերության ժամանակ, մինչդեռ մենք ունենք նրանց փրկելու բոլոր միջոցները: Չափազանց մեծաթիվ համայքներ դեռեւս զուրկ են ջրամատակարարման և ջրահեռացման հիմնական համակարգից, ինչի հետևանքով ոչ մաքուր ջուրը դարձել է մահացու վտանգ: Աշխարհի տարբեր վայրերում՝ ինչպես հարուստ, այնպես էլ աղքատ, դեռևս աճում է անհավասարությունը մարդկանց միջև: Չափազանց մեծ թվով մարդիկ դեռևս անտեսված են:
Գործողությունները խթանելու համար միջազգային հանրությունն այժմ պետք է չորս քայլ կատարի: 
Առաջին՝ հավասարաչափ մեծացնել հաջող գործունեության ծավալները՝ բազմապատկող հատկություն ունեցող ստրատեգիական և նպատակաուղղված ներդրումների միջոցով, ինչը կնպաստի բոլոր մյուս ոլորտներում ավելի մեծ արդյունքերի արձանագրմանը. 
ապահովել մեկ միլիոն համայնքային առողջապահական աշխատողներ Աֆրիկայում, ովքեր կսպասարկեն դժվարհասանելի տարածքները և մայրերին ու երեխաներին կփրկեն հեշտությամբ կանխարգելելի և բուժվող հիվանդություններից մահանալուց.
մեծացնել ներդրումների ծավալները ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում.
առողջության առաջնային պահպանման ծառայությունների, այդ թվում՝ մանկաբարձական անհետաձգելի օգնության համընդհանուր հասանելիություն.
ապահովել համապատասխան նյութեր և ահրաժեշտ պարագաներ՝ ՄԻԱՎ-ի և մալարիայի դեմ պայքարի համար:
 Կանանց և աղջիկներ համար կրթության, առողջապահության, սնուցման և տնտեսական հնարավորությունների ոլորտներում հավասար հասանելիության ապահովումը բոլոր նպատակների համար առաջընթացի ամենահզոր շարժիչ ուժերից է:
Երկրորդ՝ պետք է ուշադրությունը սևեռել ամենաաղքատ և ամենախոցելի երկրների վրա, որտեղ ապրում է 1,5 միլիարդ մարդ: Այս երկրներին կրնկակոխ հետապնդող սովը, հակամարտությունները, ոչ արդյունավետ պետական կառավարումը և լայնածավալ կազմակերպված հանցագործությունները նրանց համար չափազանց դժվար են դարձնում առաջընթացի հասնելը՝ չնայած գործադրված բոլոր ջանքերին: Նրանցից շատերը չեն հասել հազարամյակի զարգացման նույնիսկ մեկ նպատակի: Ներդրումներ կատարելով այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Սահելը, Աֆրիկյան Եղջյուր թերակղզին և Կենտրոնական Ասիան, մենք կարող ենք նպաստել տնտեսական զարգացման, մարդկանց անվտանգության և խաղաղաշինության արդյունավետ շղթայի խթանմանը:
Երրորդ՝ մենք պետք է կատարենք ֆինանսական խոստումները: Բյուջեն չի կարող հավասարակշռված լինել ամենաաղքատների և ամենախոցելիների հաշվին: Դա անընդունելի է բարոյական տեսանկյունից, և դա չի օգնի ոչ դոնորին, ոչ էլ շահառուին: Չնայած դաժան ժամանակներին՝ շատ երկրներ օրինակելիորեն կատարել են իրենց հանձնառությունները: Անցումային տնտեսություն ունեցողների շրջանում ևս ի հայտ են գալիս դոնորներ: Մենք պետք է ողջունենք այսօրինակ ջանքերը և խրախուսենք՝ անելու ավելին:
Չորրորդ՝ մինչև վերջնաժամկետը մնացած 1000 օրվա ընթացքում պետք է կոչ արվի համաշխարհային շարժման, որը կներառի բոլորին՝ կառավարություններից մինչև ստորին մակարդակի կառույցներ, որոնց դերն այնքան վճռորոշ է եղել հաջողության հասնելու հարցում: Մենք նաև պետք է գործի դնենք տեխնոլոգիաների և սոցիալական մեդիայի ողջ ներուժը - հնարավորություններ, որոնք առկա չէին, երբ դարասկզբին սահմանվեցինՀազարամյակի զարգացման նպատակները:
Հազարամյակի զարգացման նպատակները ցույց տվեցին, որ համաշխարհային զարգացման կենտրոնացված նպատակները կարող են հիմնարար փոփոխություններ անել: Դրանք կարող են մոբիլիզացնել, միավորել և ոգեշնչել: Դրանք կարող են զարկ տալ նորարարությանը և փոխել աշխարհը:
Հաջորդ հազար օրերի հաջողությունը ոչ միայն կբարելավի միլիոնավոր մարդկանց կյանքը, այլև խթան կհանդիսանա, մինչ մենք ծրագրեր ենք կազմում 2015-ից հետո իրականացվելիք գործողությունների և կայուն զարգացման մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:
Շատ անավարտ գործեր կլինեն: Սակայն կայուն զարգացման նպատակների հաջորդ սերունդը սահմանելիս մենք կարող ենք խորապես ոգեշնչվել հազարամյակի զարգացման նպատակների իրագործման փորձով, այն է՝ քաղաքական կամքի առկայության պայմաններում ծայրահեղ աղքատության հաղթահարումը հասանելի է և մեր ուժերի սահմաններում:
Եկեք առավելագույն օգուտ քաղենք հաջորդ 1000 օրերից և կատարենք Հազարամյակի հռչակագրում ամրագրված մեր խոստումը:
Բան Կի-մունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play