«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 10-19-ը Գյումրիում


«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 10-19-ը Գյումրիում

  • 05-04-2013 15:31:33   | Հայաստան  |  Մշակույթ

«Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 10-19-ը Գյումրիում: Այն նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին: Այս մասին ՀՀ մշակույթի նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

««Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի նպատակը դասական արվեստի հանրահռչակումն է, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների համար շփման հարթակի ձեւավորումը եւ փորձի փոխանակման հնարավորությունը»,- ասաց Ա. Պողոսյանը: Նա արձանագրեց, որ այս հինգ տարիների ընթացքում մրցույթը կարողացել է ձեռք բերել մշակութային կյանքում ուրույն տեղն ունենալու իր իրավունքը: «Այն ունի հետաքրքիր առաքելություն` սկսած անվանումից, մինչեւ մեծ ներկայացուցչական մասնակցություն: Այն իրապես մոնումենտալ միջոցառում է, որը մասսայականացնում է հայկական երաժշտարվեստը»,- ասաց նա:
 
Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանի խոսքերով, հիմնադրամի ամբողջ գործունեությունն ուղղված է երիտասարդների կրթությանը: Մշակութային ծրագրերը երիտասարդների գործունեության շատ կարեւոր մաս են կազմում: «Փառատոնը մեծ նշանակություն ունի ամբողջ Հայաստանի մշակութային կյանքում»,- ասաց նա:
 
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանն  էլ նշեց, որ այս հինգ տարիների ընթացքում փառատոնը  մեծ ճանապարհ է անցել: «Եթե 2007թ.-ին  փառատոնին ներկա է գտնվել հինգ պատվիրակություն, ապա այս տարի ադ ցուցանիշը հասել է 30-ի: Մրցույթն անցկացվում է 13 անվանակարգում` 5 տարիքային խմբերով: Փառատոնն իսկապես որակական մեծ փոփոխության է հասել` սկսած մասնակիցներից, վերջացրած ժյուրիի անդամներով»,- նշեց նա, միաժամանակ հավելելով, որ  ժյուրիի անդամները ձգտում են նաեւ անհատական համերգներ ունենալ:
 
Տեղեկացնենք, որ «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի շրջանակում ապրիլի 11-14-ը կանցկացվի երաժիշտ-կատարողների միջազգային 5-րդ մրցույթը, ապրիլի 15-17-ը՝ երիտասարդ կոմպոզիտորների միջազգային 2-րդ մրցույթը, երգչախմբերի միջազգային 1-ին մրցույթը և «Մշակույթների երկխոսություն» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը կարժանանա Մեծ մրցանակի: Սահմանված է հատուկ մրցանակ` անվանի երաժիշտներ Էդվարդ Միրզոյանի, Ֆլորա Մարտիրոսյանի, Ժան-Տեր Մերկերյանի անուններով: Մրցույթ-փառատոնի համար սահմանված է նաեւ բազմաթիվ այլ մրցանակներ եւ հուշանվերներ: Այն անցկացվում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
 
Տեղեկացնենք նաև, որ «Վերածնունդ» երաժիշտ կատարողների 5-րդ միջազգային մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 10-ին  ժամը 17:00 Գյումրու դրամատիկական թատրոնում, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունն ու գալա համերգը` ապրիլի 18-ին:
 
Նշենք, որ մրցույթ-փառատոնի օրերին կկազմակերպվեն համերգներ և վարպետության դասեր՝ հայ և օտարազգի անվանի երաժիշտների մասնակցությամբ: Այս տարի վարպետության դասեր կանցկացնեն Յուրա Մարգուլիսը (ԱՄՆ), Արմեն Բաբախանյանը (Հայաստան), Միխայիլ Արկադեւը (ՌԴ), Վիկտոր Գոլդբերգը (ԱՄՆ), Հմայակ Դուրգարյանը (Իսպանիա), Վիկտոր Միլոսերդովը (Ավստրիա), Քսենյա Դուբրովսկայակն (Գերմանիա), Մարկ Գուլեգինը (Լյուքսեմբուրգ):
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play