Վրացական պետհամարանիշերով ավտոմեքնաների վարորդների պայքարը շարունակվում է


Վրացական պետհամարանիշերով ավտոմեքնաների վարորդների պայքարը շարունակվում է

  • 15-02-2011 13:50:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 14-ին, առավոտյան ժամը 11:20-12:00 Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների շուրջ 60 վարորդների ընդունել եւ լսել է Գյումրու քաղաքապետը: Հանդիպման ընթացքում վարորդները նրան են ներկայացրել այն խնդիրները, որոնց առաջ իրենք հայտնվել են ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխությունների հետեւանքով: Վարորդները բացատրել են, որ իրենք ի վիճակի չեն 10-15 օրում հայթայթել եւ պետությանը վճարել այնպիսի ահռելի գումարներ, ինչպիսիք հաշվում են իրենց մեքենաների մաքսազերծման համար ՊԵԿ-ում: Քաղաքապետ Վ.Ղուկասյանը, ըստ վարորդների հաղորդման, իր աջակցությունն է հայտնել նրանց, ասելով, թե նրանց բողոքն արդարացի է, կիսում է նրանց մտահոգությունները, կանգնած է նրանց կողքին, ինքն էլ այդ հարցով դիմել է ՀՀ նախագահին եւ տեղյակ է, որ Շիրակի մարզպետն էլ է մտահոգ այդ խնդրով: Քաղաքապետը խորհուրդ է տվել չքաղաքականացնել խնդիրը: Այնուհետ վարորդները այցելել են Գյումրում ՀՀԿ գրասենյակներից մեկը, ակնկալելով այնտեղ հանդիպել ՀՀ ԱԺ պատգամավոր Ս.Ավետիսյանին եւ հիշեցնել, որ իրեն այդ հարցով մեկ շաբաթ առաջ դիմում են հղել: Պատգամավորին տեղում չգտնելով, գրասենյակի աշխատակիցներին են փոխանցել դիմումի եւս մեկ օրինակ, փոխանցելով, որ սպասում են պատգամավորի պատասխանին: Գրասենյակի աշխատակիցներից մեկը փորձել է խեթել նրանց, թե իրենք ընտրե՞լ են Ս.Ավետիսյանին, որ պահանջներ են առաջադրում, ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ պատգամավորը ընտրվել է ոչ թե մեծամասնական, այլ համամասնական ընտրակարգով: Վարորդները բացատրել են, որ անգամ համամասնական ընտրակարգով պատգամավորներին ընտրում են քաղաքացիները: Երոկոյան վրացական պետհամարանիշերով մոտ 50 ավտոմեքենաների վարորդներ քաղաքում հերթական երթն անցկացնելուց հետո այցելեցին ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել Եպիսկոպոս Աջապահյանին, նրան հաղորդելով իրենց մտահոգությունները խնդրի շուրջ եւ խնդրելով Վեհափառի հետ միջնորդել իշխանություններն ու սատարել իրենց: Թեմի առաջնորդը հայտնեց, որ խնդիրն իրոք մտահոգող է, եւ եկեղեցու սպասավորների մեջ նույնպես կան հոգեւորականներ, որոնք այդ խնդրի առաջ են կանգնած: Տ.Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը նշեց, որ ինքը ակնկալել է, թե կառավարությունը այդ խնդրի կարգավորման ավելի մեղմ մեթոդներ կկիրառեր` ավտոմեքենաների մաքսազերծման դրույքները հաշվարկելով այնպես, որ դրանց նկատմամբ Վրաստանի ավտոմեքենա ներկրողները շահեկան վիճակում չլինեն` այլ լինեն համանման պայմաններ, կամ` կառավարությունը կաներ այնպես, որ այդ նորամուծությունը վերաբերվեր այդ օրենսդրական փոփոխություններից հետո Վրաստանում գտնվող մեքենաներին: Վարորդները թեմի առաջնորդին բացատրեցին, որ չունենալով անհասկանալի դրույքաչափերով հաշվվող մաքսազերծման գումարը, ստիպված են կամ շտապ` կես գնով իրենց մեքենաները վաճառել Վրաստանում, կամ փորձել Վրաստանի քաղաքացիություն ստանալ: Այդ ուղղությամբ վարորդներն արդեն պարզել էին, որ հարկավոր է Վրաստանի ցանկացած քաղաքում, համապատասխան պետական գրասենյակ ներկայացնել նոտարի կողմից վավերացված ծննդյան վկայականը, անձնագրի պատճենը, երկու լուսանկար, Վրաստանի 2 քաղաքացու երաշխավորագիր եւ վճարել համապատասխան գումար` 80 օրում քաղաքացիություն ստանալու համար` 200 լարի, 60 օրում ստանալու համար` 300 լարի, իսկ 30 օրում քաղաքացիություն ստանալու համար` 400 լարի: Այս ամենը վարորդները ներկայացրին թեմի առաջնորդին, բացատրելով, որ իրենց նկատմամբ իշխանությունների շարունակական արհամարանքի դեպքում գուցե Վրաստանի քաղաքացիություն ստանալուն այլըտրանք չունենան: Թեմի առաջնորդը խոստացավ իր ջանքերը ներդնել խնդիրը Վարչապետին հասցնելու համար: Օրվա վերջում վարորդները գումարեցին իրենց ժողովը եւ պլանավորեցի փետրվարի 15-ի բողոքի միջոցառումները: Օրվա բոլոր միջոցառումները նախաձեռնել էին վարորդները ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն