Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Ռուսաստանի
արտգործնախարարի տեղակալին
14-02-2011 20:40:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 14-ին Հայաստանի
արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ռուսաստանի
արտաքին գործերի նախարարի տեղակալ - պետքարտուղար Գրիգորի
Կարասինին, ով Երեւանում է գտնվում միջգերատեսչական
խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը
քննարկվեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության եւ
դաշնակցային հարաբերությունների առավել զարգացմանն առնչվող հարցերի
լայն շրջանակ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների
ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն
ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա
խորացման համար եւ քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված
պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության
վարչությունից, հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք
տարածաշրջանային հարցերի, մասնավորապես ղարաբաղյան հիմնահարցի
կարգավորման գործընթացի վերաբերյալ: