Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը

  • 15-05-2013 15:07:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը: 

Կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի գործարարների այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացմանը: «Գերմանիան տնտեսական բնագավառում մեր առաջնային գործընկերներից մեկն է: Առկա են երկկողմ բազմաթիվ հաջողված ծրագրեր  պետական և մասնավոր հատվածներում»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Ռայներ Լինդները նշել է, որ նախորդ տարեվերջին Ֆրանկֆուրտում կայացած գործարար ֆորումի ընթացքում Տիգրան Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքներով գերմանական կողմը պատրաստ է գործնական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես,  Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրենը նշել է, որ իրենք շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ՝ արդյունաբերության, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: 
Այդ համատեքստում, գերմանացի գործարարները վարչապետ Սարգսյանին են ներկայացրել վերը նշված ոլորտներում իրենց ներդրումային ծրագրերը: Կառավարության ղեկավարը ողջունել է նման նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել տարբեր գործիքակազմով ցուցաբերել համապատասխան օժանդակություն: 
Ռայներ Լինդները շնորհակալություն է հայտնել  վարչապետին՝ Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրմանը միտված քաղաքականություն վարելու համար: Դա, ըստ գերմանացի գործարարների, կնպաստի դեպի Հայաստան լրացուցիչ ներդրումների ներգրավմանը: Վերջիններս ողջունել են նաև ՀՀ կառավարության կողմից ԵՄ անդամ երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ազատականացման որոշումը: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հանդիպմանը կողմերը քննարկել են նաև բիզնես ոլորտի երիտասարդ մասնագետների վերապատրաստմանը, ՏՏ բնագավառում գործող հայկական ընկերությունների՝ միջազգային ցուցահանդեսներին հնարավոր մասնակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր: 
 
***
Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովին անդամակցում են շուրջ 200 գերմանական խոշոր, միջին և փոքր ընկերություններ: Ներկայում Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովը համագործակցում է 21 երկրների, այդ թվում՝ ԵՄ անդամության թեկնածու երկրների հետ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play