Եվրոպական ներդրումային բանկը Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման առաջին փուլի համար կտրամադրի 5 մլն եվրո վարկ


Եվրոպական ներդրումային բանկը Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման առաջին փուլի համար կտրամադրի 5 մլն եվրո վարկ

  • 10-02-2011 16:52:25   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Փետրվարի 10-ին Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2010 թվականի օգոստոսի 10-ին Երեւանում ստորագրված «Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը: Ինչպես հայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, վարկի տրամադրման պայմանները «բավականին մեղմ են». պայմանագրով ներդրումային բանկը Հայաստանին կտրամադրի 5 մլն եվրո վարկ` 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ պայմաններով: Ըստ փոխնախարարի, ընդհանուր առմամբ առաջին փուլի համար նախատեսվել է 15 մլն եվրո ներդրում, որից 5 մլն-ը կտրվի այս պայմանագրով, եւս 5 մլն-ը` Եվրոպական համայնքների կողմից` որպես դրամաշնորհ, եւ 5 մլն-ը արդեն իսկ հաստատված համաձայնագրով կտրամադրի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը: Առաջին փուլում նախատեսվում է լուծել Երեւանի մետրոպոլիտենի անվտանգության հարցը, մասնավորապես, վերանորոգել մետրոպոլիտենի շարժակազմը, մաշված ուղեգծերը եւ էլեկտրամատակարարման բաղադրիչները, նորացնել պոմպակայանները: Պայմանագրում ամրագրված է , որ վարկառուն պետք է մինչեւ 2011թ.-ի ավարտն ապահովի ուղեւարձի բարձրացում մինչեւ 100 տոկոս չափով: Ըստ հիմնական զեկուցողի, այդ պահանջը որոշակի առումով արդարացված է, քանի որ մետրոպոլիտենի երթեւեկության սակագները չեն փոփոխվել 2003 թ.-ից ի վեր, եւ ներկայումս գործում է 50 դրամ (0.13 ցենտ ) սակագինը, ինչը ԱՊՀ տարածքում ամենացածրն է: Բացի այդ, մետրոպոլիտենին տրվում են սուբսիդիաներ եւ կատարվում զգալի ներդրումներ: «Սակագնի բարձրացումը կարող է լինել մաս-մաս կամ միանգամից` դա կորոշի համապատասխան պատկան մարմինը»,-ասաց փոխնախարարը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play