Հզորագույն աղետները ստիպում են համաշխարհային հանրությանը համախմբվել


Հզորագույն աղետները ստիպում են համաշխարհային հանրությանը համախմբվել

  • 01-06-2013 17:38:41   | Շվեյցարիա  |  Միջազգային

Մայիսի 19-23-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավ Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որին մասնակցում էր շուրջ երեք հազար մարդ մոտ 200 երկրից. Նախագահներ, նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ, գիտնականներ, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մասնավոր խոշոր ընկերությունների ղեկավարներ: Քառօրյան ընդգրկում էր ամենաբարձր մակարդակի հանդիպումներ, քննարկումներ, կլոր սեղաններ, շնորհանդեսներ...Կարմիր թելի պես բոլոր ելույթներում ու հաշվետվություններում անցնում էր Հյոգոյի գործողությունների ծրագիրը, որով 2005 թվականից առաջնորդվում է ամբողջ աշխարհը: Հզորագույն աղետները, մարդկային ու նյութական հարաճուն կորուստները ստիպում են համաշխարհային հանրությանը համախմբվել, մշակել երկրներին ու համայնքներին հասցվող վնասների նվազեցման, վերականգնման ու վերակառուցման ծրագրեր: 

Միայն վերջին 13 տարում աղետների հասցրած նյութական վնասն ամբողջ աշխարհում կազմել է 2.7 տրիլիոն ԱՄՆ դոլար, որը նշանակում է, որ 2000թվից սկսած ամեն մի ժամ աղետներից մեր մոլորակը 16.2 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է կրել: 2 միլիարդ 900 միլիոն մարդ տուժել է այդ աղետներից, այսինքն, օրը մոտ 650 հազար մարդ: 2005 թվականից հետո իրականացված ծրագրերը ցույց են տալիս, որ դրանք կարող են նվազեցնել խոցելիությունը, նույնիսկ աշխարհակործան տարերքները կարող են ավելի քիչ վնաս պատճառել: Լուրջ առաջընթաց ապրած երկրներից էին՝ Բանգլադեշը, Հնդկաստանը, Պակիստանը, Թաիլանդը, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան ու Ֆիլիպինները, որոնք ամբողջ աշխարհին ցույց տվեցին աղետակայունության իրենց նոր որակը:

Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում լուրջ առաջընթաց ունի արձանագրած նաև Հայաստանի Հանրապետությունը, և ՀՀ ԱԻՆ-ը լավ համարում ու բարձր վարկ ունի միջազգային շրջանակներում: Այս համաժողովին նույնպես հայկական պատվիրակությունը ներկայանալի ու նկատելի էր՝ ելույթներով, առաջարկներով, պատրաստված նյութերով:
Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Բացի ընդհանուր քննարկումներից, ԱԻ նախարարի համար կազմվել էր առանձին ծրագիր՝ երկկողմ հանդիպումներ, ելույթներ, շնորհանդես, նախարարների կլոր սեղան, այցելություններ:

Գործընկեր նախարարների հետ հանդիպումից հետո իրարամերժ զգացողություններ կային և հպարտության, և ափսոսանքի. Բելառուսի նախարարը մեր նախարարից մի քանի հրշեջ մեքենա էր խնդրում, Ղազախստանի ու Ղրղստանի նախարարները՝ մեր փորձը, մեր գիտելիքները: Այս ու մի քանի այլ երկրներից պատվիրակություններ էին եկել ՀՀ ԱԻՆ ու հետո պատմել, որ շատ բան կա սովորելու:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի առաջին հանդիպումը ՄԱԿ-ի ճգնաժամերի կանխարգելման և վերականգնման գրասենյակի ղեկավարության հետ էր: Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Ջո Սչեուերը, կարևորելով ԱՌՆ ոլորտում Հայաստանի կատարած աշխատանքը, նշեց, որ Հայաստանի փորձի մասին խոսում են բոլորը, և այն լավագույնն է համարվում:
Արմեն Երիցյանը, շնորհակալություն հայտնելով ցուցաբերած աջակցության համար, ներկայացրեց կատարած աշխատանքներն ու զարգացման հեռանկարները:

Ջո Սչեուերն առանձնացրեց նախարարի անմիջական ներդրումն ու ջանքերը: Նա նշեց՝ շնորհակալություն անձամբ Ձեր խոշոր ներդրման ու ջանքերի համար: Ձեր ու Ձեր գործընկերի առաջընթացը շատ նկատելի ու գնահատելի է, դրա համար մենք կշարունակենք ծրագրային ներդրում կատարել: Մենք 14 թիրախային երկիր ունենք, և Հայաստանը կշարունակի մնալ այդ ցանկում:
Հաջորդը դոնորների հետ հանդիպումն էր՝ Աղետավտանգ երկրների դերը կանխարգելման և պատրաստվածության ոլորտում խորագրով, որը կազմակերպել էին Գերմանիան, Լեհաստանն ու ՄԱԶԾ-ն: Ողջույնների խոսքից հետո զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նա ներկայացրեց Հայաստանն իր վտանգներով ու ռիսկերով, ձեռնարկած քայլերով, ձեռքբերումներով, զարգացման հեռանկարներով ու կարիքներով: Այնուհետև պատասխանեց բազմաթիվ հարցերի՝ զարգացնելով իր մոտեցումներն ու տեսակետները Հյոգոյի գործողությունների ծրագրի վերանայման, նոր ուղղությունների նախանշման, առանձին դրույթների խորացման անհրաժեշտության վերաբերյալ: Դոնորները հետաքրքրված էին Հայաստանով, և ՀՀ ԱԻ նախարարի զեկույցն ու պարզաբանումները առավել ուղղորդող ու թիրախային դարձրին այդ հետաքրքրությունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մարգարետա Վալստրոմի հետ հանդիպումն ասես հին բարեկամների սպասված ժամադրություն լիներ: -Մեր նախորդ հանդիպումից ուղիղ երկու տարի է անցել, բայց դուք մեծ քայլերով եք առաջ ընթանում: ես մեծ ուրախությամբ ու գոհունակությամբ եմ հետևում ձեր առաջընթացին: Այն կարելի է կիրառել որպես տարածաշրջանային մոդել: Ինձ շատ է ուրախացնում և ոգևորում այն, որ Դուք ձեր աշխատանքներում ներգրավում եք հաշմանդամություն ունեցող անձանց: Դա շատ ողջունելի քայլ է, և ես կառաջարկեի Ձեզ, հաշվի առնելով Ձեր ընդգծված լիդերությունն այս ոլորտում, որպես միջազգային դեսպան հանդես գալ մյուս երկրներում, ներկայացնել Ձեր փորձը,- վերջում նշեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Համարյա նույնանման առաջարկով հանդես եկավ նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Կիրսի Մադիին. Ձեր երկրում միջգերատեսչական փոխգործակցության ոգին լավագույնս է դրսևորվում աղետների ռիսկի կրթության ոլորտում: Պարոն նախարար, մենք անպայման կշարունակենք ծրագիրը Հայաստանում, միայն խնդրում եմ, որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան ակտիվացրեք ձեր գործունեությունը՝ փոխանցելով Ձեր փորձը նաև մյուս երկրներին:


Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական աջակցության գրասենյակի ղեկավար, դեսպան Մանուել Բեսլերը նշեց, որ 2016 թվականից Շվեյցարիան պիտի դուրս գա մարդասիրական աջակցության ծրագրից, բայց մինչ այդ ամբողջ թափով կշարունակի ծրագրերը՝ միջազգային ամենաբարձ մակարդակի փրկարարական թիմերի կազմավորման, տեխնիկական հագեցման և ուսուցման, աղետների բժշկության զարգացման և կանխարգելման ոլորտում: Արմեն Երիցյանը նշեց, որ Շվեյցարիան մեր բազմափորձ ու հավատարիմ գործընկերն է, որն իր Արձագանք ծրագրով լրջագույն ներդրում է ունեցել Հայաստանում հրշեջ-փրկարարական ներուժը հզորացնելու՝ տեխնիկապես զինելու և ուսուցանելու գործում ու շնորհակալություն հայտնեց շարունակական համագործակցության համար: ԱԻ նախարարությունը՝ հանուն մարդկային կյանքի փրկության հատուկ շնորհակալագրեր էր պատրաստել, և գործընկերների համար դա հաճելի անակնկալ էր:

ԱՌՆ Գլոբալ պլատֆորմի 4-րդ նստաշրջանը, որը Հյոգոյի գործողությունների ծրագրի իրականացման նախավերջին հանգրվանն էր 2015թվականից առաջ, այլևս պատմություն է, իսկ մարդկության ամբողջ պատմությունն ասես աղետների դեմ պայքարի տարեգրություն լինի: Երկու տարի անց, այս անգամ արդեն Ճապոնիայում՝ Հյոգոյում, դարձյալ կհավաքվի ամբողջ աշխարհը՝ նոր ռազմավարությամբ կամ լավագույնս նորացված հնի շարունակությամբ Հյոգո 2-ն իրականացնելու.

 

• Յուրաքանչյուր երկիր պիտի երաշխավորի, որ աղետների ռիսկի նվազեցումը պետական և տեղական նշանակության առաջնայնություն է և ամուր հաստատութենական հիմքերի վրա է,
• Բացահայտել, գնահատել և մշտադիտարկել ռիսկերը, ինչպես նաև ամրապնդել վաղ ազդարարման համակարգը
• Օգտագործել գիտելիքը, նորարարությունը և կրթությունը բոլոր մակարդակներում անվտանգության և դիմակայման մշակույթ ձևավորելու համար,
• Նվազեցնել հիմքային ռիսկի գործոնները
• Բարձրացնել աղետների արդյունավետ արձագանքման պատրաստականությունը բոլոր մակարդակներում:

ՀԳԾ այս հինգ առաջնայնություններն այսօր առավել թիրախավորման և դեպի համայնքներ ու միջազգային ռազմավարություններ անշեղ ընթացքի հրամայականն են ներառել: Չի կարող լինել խոցելիության նվազում կամ աղքատության կրճատում առանց ԱՌՆ հաշվառման: Հազարամյակի մարտահրավերներ ու Կայուն զարգացման ծրագիր չի կարող ձևավորվել առանց աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի ներառման: 
Հյոգոյի գործողությունների նոր ծրագրի, 2015 թվականից հետո նոր ռազմավարական ուղղություների և դրանց քննարկումների մասին ավելի հանգամանալից՝ մեր թերթի հետագա համարներում: Նիկոլայ Գրիգորյան

 

 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play