«Ոսկե ծիրան» կինոփառատոնին ավանդույթ դարձածներից բացի կներկայացվեն նաեւ հատուկ ծրագրեր


«Ոսկե ծիրան» կինոփառատոնին ավանդույթ դարձածներից բացի կներկայացվեն նաեւ հատուկ ծրագրեր

  • 07-06-2013 14:30:20   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին
 
Այս տարի «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդական դարձած ծրագրերից բացի  կներկայացվեն նաեւ մի շարք  հատուկ ծրագրեր, ինչպիսիք են «Վրացական կինո», «Քույր փառատոներ», «Հայեր. Հայացք ներսից եւ դրսից» ծրագրերը:
 
««Այս տարին հոբելյանական է, դրա համար աշխատել ենք, որ ծրագիրն ավելի շքեղ լինի, պատվավոր հյուրերի ցանկն էլ՝ ներկայացուցչական»,- ասաց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն` Միքայել Ստամբոլցյանը միաժամանակ նշելով , որ 10-րդ հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնում  պահպանվել են ավանդական` «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություն», «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը:
Մ. Ստամբուլցյան տեղեկացմամբ,  «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Յոս Սթելինգի «Աղջիկը եւ մահը», Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ», Մարգարեթե ֆոն Տրոտայի «Հաննա Արենդտ», Ուլրիխ Զայդլի «Դրախտ…» եռերգությունը, Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունք» ֆիլմերը: Նա  նշեց, որ Յոս Ստելինգը, Մարգարեթե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին անձամբ ներկա կլինեն փառատոնին՝ որպես պատվավոր հյուրեր, եւ կներկայացնեն իրենց ֆիլմերը:
Արդեն մի քանի տարի է` «Ոսկե ծիրան»-ը ջերմ հարաբերություններ է հաստատել «Ռոտերդամ»-ի եւ «Պուսան»-ի փառատոների հետ: Ինչպես նշեց  «Ոսկե Ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, «Պուսանն» իր մասշտաբներով համարվում է ասիական «Կաննը: Երկու փառատոների հետ էլ 2006 թ.-ից կնքվել է համագործակցության հուշագիր, որոնք  էլ   «Ոսկե Ծիրան»-ը դիտարկում են որպես կապող օղակ այս տարածաշրջանի հետ: Այս տարի հատուկ ծրագրով ներկայացվելու են Պուսանի եւ Ռոտերդամի փառատոնների պաշտոնական ծրագրերում ընդգրկված եւ մրցանակի արժանացած ֆիլմերը: Ներկա կլինեն նաեւ այդ փառատոների ներկայացուցիչները: 
 
Նշվեց նաեւ, որ այս տարի փառատոնին ներկա է լինելու նաեւ սկանդալային կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլը իր «Դրախտ» եռապատումով: Զայդլին «Ոսկե ծիրան-7» փառատոնին «Ոսկե ծիրան» էր ստացել: 
 
«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Սթիվեն Ֆրիրզի, Իշտվան Սաբոյի, Պիետրո Մարչելլոյի, Ռեզո Չխեիձեի ֆիլմերը:
 
«Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի եւ Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները: 
 
Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով «Ոսկե ծիրան»-ը, կոմպոզիտորի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպելու է հոբելյանական երեկո, որի ընթացքում թանգարանում կանցկացվի էքսկուրսիա եւ համերգային ծրագիր՝ Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ: Կցուցադրվեն «Սոնատ-երգ» (ռեժ.` Լուսինե Մարտիրոսյան), «Օթելլո» (ռեժ.` Սերգեյ Յուտկեւիչ), «Պեպո» (ռեժ.` Համո Բեկնազարյան) ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակը մեծ կոմպոզիտորն է:
Արտավազդ Փելեշյանի 75-ամյակի առիթով կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը: Կլինեն նաեւ նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները: Կցուցադրվեն նաեւ Ներսես Հովհաննիսյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները՝ վերջինիս 75-ամյակի առիթով:
«Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնի պաշտոնական հյուրերի թվում են նաեւ Քշիշտոֆ Զանուսին եւ Գոդֆրի Ռեջջիոն, ովքեր հանդես կգան վարպետության դասերով: 
 
«Վրացական կինո» ծրագրում ընդգրկված են հին եւ նոր ֆիլմեր: Ծրագրի շրջանակում եւ ստեղծագործական խմբի մասնակցությամբ կտոնվի Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի ստեղծման 40-ամյակը:
 
Իսկ «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ծրագրի շրջանակում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանների թատրոն-ստուդիայում կներկայացվեն հայկական արտադրության մի շարք կարճամետրաժ եւ լիամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ այլ երկրներում հայերի եւ Հայաստանի մասին նկարահանված ֆիլմեր:
 
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարութան աջակցությամբ: Իսկ փառատոնի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:
 
Փառատոնն այս տարի ստացել է շուրջ 1200 հայտ` աշխարհի 94 երկրից, ինչը, ըստ փառատոնի կազմակերպիչների, փաստում է, որ «Ոսկե ծիրան»-ի հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի մեծանում է: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն այս տարի եւս կներկայանա լիամետրաժ, վավերագրական եւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի միջազգային մրցութային ծրագրերով, ինչպես նաեւ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրով: Մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը գնահատելու են չորս ժյուրիները: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play