Սոցիալական ոլորտը մնում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում


Սոցիալական ոլորտը մնում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում

  • 20-06-2013 14:37:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Հիմք ընդունելով «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքը` կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում` հստակեցնելով հաշմանդամություն ունեցող անձանց հեռակա բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից, նվազեցնել կոռուպցիոն ռիսկը։ Անձը հնարավորություն կունենա կասեցման համար սահմանված ժամկետում վերադաս մարմնից ստանալ համապատասխան փորձաքննական խորհրդատվություն, ինչի շնորհիվ փորձաքննական որոշումը կկայացվի առավել օբյեկտիվ։ Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ինչ է փոխվել մոտ մեկ տարի առաջ նախարարությունում անցկացված խորհրդակցությունից և տրված հանձնարարություններից հետո։ Նախարարը թվարկել է աշխատանքի էական բարելավմանն ուղղված, այդ թվում` կադրային փոփոխությունները, նշել, որ զգալիորեն պակասել են քաղաքացիներից ստացվող դիմում-բողոքները։ Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայության գործունեությանը, ապա այն նույնպես հիմնովին բարեփոխվել է, և դա զգացել են տասնյակ հազարավոր մարդիկ։
ՀՀ կառավարությունը բաժնետոմսերի հետգնման միջոցով նվազեցրել է ՀՀ առողջապահության նախարարության հարյուր տոկոս պետական մասնակցությամբ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն», «Դիլիջան» մանկական հակատուբերկուլոզային առողջարան» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոն» ՓԲԸ-ների զուտ ակտիվները։ Որոշման նպատակն է ոչ միայն առողջացնել նշված առևտրային կազմակերպությունները, այլև դրանք ՀՀ պետբյուջե շահութաբաժին վճարող դարձնել։
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, մեկ այլ որոշմամբ անհետաձգելի է համարվել և ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է պայմանագիր կնքել «Ռաին բոու» ֆիրմայի հետ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 3 հազար 500 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով` 1 տոննան առավելագույնը 1 հազար 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի սահմաններում, որը ներառում է մինչև ՀՀ սահմանային անցակետ տեղափոխման և մաքսազերծման հետ կապված ծախսերը։ Նախարարությանը նաև թույլատրվել է գնման ձևով պայմանագիր կնքելու միջոցով ձեռք բերել 450 տոննա փաթեթավորված ցեմենտ` 1 տոննան առավելագույնը 52 հազար դրամով։ 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play