Ժնեւում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող


Ժնեւում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող

  • 07-02-2011 18:25:11   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Փետրվարի 5-ին Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցեց Ժնեւ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգման հուշակոթողի տեղադրման աշխատանքային խմբի հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, աշխատանքային խումբը կազմված է Ժնեւի քաղաքապետարանի երեք ծառայությունների` մշակութային, քաղաքաշինության ու կառուցապատման եւ ճարտարապետական վարչությունների, Ժնեւի ժամանակակից արվեստի հիմնադրամի, Շվեյցարիայի հայկական համայնքի եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչներից: Հանդիպման ընթացքում ներկայացվեց հուշակոթողի նախագծի ընտրության համար հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված հեղինակի` Մելիք Օհանյանի նախագիծը: Դեսպան Ազնավուրը բարձր գնահատեց Ժնեւի քաղաքային իշխանությունների ուշադրությունը հայկական համայնքի նկատմամբ, որի լավագույն արտահայտությունն է նաեւ հուշակոթողի տեղադրման նախաձեռնության հարցում ցուցաբերած պատրաստակամությունը եւ միջազգային մրցույթի անցկացման համար իրականացված աշխատանքներն ու հատկացված միջոցները: Հուշակոթողի պաշտոնական բացումը նախատեսվում է 2013 թվականի ապրիլի 24-ին` Ժնեւի կենտրոնական հանրային պուրակներից մեկում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play