Ոստիկանության ավագ օպերլիազորը մեղադրվում է վրաերթ<br /> կատարելու մեջ<br />


Ոստիկանության ավագ օպերլիազորը մեղադրվում է վրաերթ
կատարելու մեջ

  • 01-02-2011 18:16:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի քրեական հանցագործությունների եւ միջազգային հետախուզության բաժնի հատուկ կարեւոր գործերով ավագ օպերլիազոր Տ.Քալանթարյանի կողմից վրաերթ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Տ.Քալանթարյանը, 2010թ.-ի նոյեմբերի 7-ի ժամը 13:50-ի սահմաններում վրաերթի է ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնվող 4 անձանց: Տ.Քալանթարյանը «Վազ 21093» մակնիշի 68 ՍՍ 104 պետհամարանիշի ավտոմեքենան Երեւանի Պռոշյան փողոցով վարելով տվյալ պայմանների համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող մոտ 90 կմ/ժ արագությամբ եւ իրականացնելով իր վարած ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում, այն է` փորձելով վազանց կատարել հոծ գծի հարեւանությամբ գտնվող միեւնույն շարքով` իր առջեւով, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ շարժվող «Ջիպ» թափքով ավտոմեքենային, մտել է երթեւեկելի գոտու մյուս շարք եւ վրաերթի ենթարկել երթեւեկելի մասից դուրս գտնվող հետիոտներ Ծ.Մարգարյանին, Ս.Շահբազյանին, Գ.Ավանեսովային եւ Լ.Ջավախյանին: Վրաերթի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջին երկուսը, գիտակցության չգալով, ժամեր անց մահացել են, իսկ Ծովինար Մարգարյանի եւ Սեդա Շահբազյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է համապատասխանաբար ծանր եւ միջին ծանրության վնասներ: Ըստ ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության հաղորդագրության, ձեռք բերված ապացույցների հիման վրա Տ.Քալանթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play