Ուսանողների սոցիալական խնդիրները մեղմելու ուղղությամբ ՀԵՀ-ը ծրագրեր կիրականացնի


Ուսանողների սոցիալական խնդիրները մեղմելու ուղղությամբ ՀԵՀ-ը ծրագրեր կիրականացնի

  • 24-08-2013 21:02:33   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Օգոստոսի 24-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց պետական, ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Նախաձեռնությունն ուսանողական խորհուրդների անդամներինն էր, ովքեր ցանկանում էին նախարարից ստանալ որոշ բուհերում ուսման վարձերի բարձրացման հետ կապված իրենց հարցերի պատասխանները։  
Նախարարն ուսանողներին տեղեկացրեց բոլոր այն քայլերի մասին, որոնք ՀՀ կառավարության կողմից նախատեսված են՝ ուսման վարձերի թանկացումները մեղմելու համար։ Ընդ որում, այդ քայլերը ձեռնարկվել են դեռևս ապրիլ-մայիս ամիսներից։ 
Սեպտեմբերի 1-ից ՙՓարոս՚ համակարգում ընդգրկված ամենաանապահով ընտանիքների ուսանողները լավ սովորելու դեպքում իրավունք կունենան ստանալ 50-100 տոկոս զեղչ։ Նախարարը կոչ արեց ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներին՝ հետևել, որպեսզի այդ օգնությունը լինի հասցեական։ Միջին խավից և միջինից ցածր սոցիալական խմբերի ուսանողների համար կտրվեն արտոնյալ ուսանողական վարկեր 12 տոկոսով։ Այստեղ պետությունը լավ սովորողների համար կսուբսիդավորի 2 տոկոսի, իսկ գերազանց առաջադիմություն ունեցողների համար՝ 3 տոկոս չափով։ Ընդ որում, վարկի մարման ժամկետը 10 տարի է։ Պատրաստ է օրինագիծը, որը սահմանափակում է բուհերի ուսման վարձերի որոշման լիազորությունները։ Օրինագիծը գտնվում է կառավարությունում, և մոտ ապագայում կուղարկվի ԱԺ։ Պատրաստ է նաև ուսանողական զեղչերին վերաբերող օրինագիծը։ Նոր օրենքը սահմանում է, որ բուհերը իրենց վճարովի ծառայությունների հաշվին կուտակած գումարի նվազագույնը 7 տոկոսը պետք է ուղղեն ուսանողական զեղչերին։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուհերում այսօր բյուջեի 3,9 տոկոսն են հատկացնում ուսանողական զեղչերին։ Օրինագիծն ընդունվելու դեպքում զեղչերը կավելանան 1,8 անգամ։ Փաստաթղթում սահմանված են նաև այն սոցիալական խմբերը, որոնց առաջնահերթության կարգով կհատկացվեն զեղչեր։ Ա. Աշոտյանը շեշտեց, որ սահմանվող բոլոր արտոնությունները վերաբերելու են բացառապես լավ սովորող ուսանողներին։ ՙՈ′չ պետությունը, ո′չ էլ բուհերը չեն պատրաստվում սպասարկել վատ սովորողի կրթության իրավունքը, մենք նաև լրացուցիչ խթան ենք ստեղծում լավ առաջադիմության համար՚,- ասաց ԿԳ նախարարը։ 
Նշվեց նաև կառավարության 2 որոշման մասին, որոնք պատրաստվել են և մոտ ապագայում կքննարկվեն կառավարության նիստում։ Առաջինը վերաբերում է լավագույն ուսանող կրթաթոշակին. 7 խմբերում լավագույնը ճանաչված ուսանողները կստանան 150-550 հազար դրամ միանվագ կրթաթոշակ։ Կառավարության մեկ այլ որոշում առնչվում է պետպատվերի ավելացմանը, որոնք կվերաբերեն պետության համար գերակա մասնագիտություններին։ Այդ ոլորտներում պետպատվերը կավելանա 10-20 տոկոսով։ 
Ա. Աշոտյանն ընդգծեց, որ ուսանողների խնդիրների լուծումը բացառապես գերատեսչություններում և կառավարական ատյաններում է։ ՙՁեր բեռը թեթևացնելու հարցում ձեր բացառիկ գործընկերը ԿԳ նախարարությունն ու կառավարությունն են։ Ես վստահ եմ, որ դուք չեք ծառայելու ոմանց քաղաքական վարկանիշների վերակենդանացման անշնորհակալ գործին, որովհետև վերջիվերջո ձեր հոգսը լուծելու ենք մենք։ Մենք ձեզանից օգտվելու ցանկություն չունենք՝ ի տարբերություն ձեզ քաջ հայտնի քաղաքական շրջանակների։ Երիտասարդ արյունը չի կարող վերակենդանացնել քաղաքական դիակի ճանապարհ բռնած քաղաքական գործիչներին։ Կարող եք ինձանից դժգոհ լինել, ես նորմալ եմ վերաբերում դրան։ Բայց թույլ չտաք՝ որևէ մեկն օգտագործի ձեզ, ձեր ընտանիքի սոցիալական հոգսը։ Ի պատիվ ուսանողների՝ պետք է ասեմ, որ բոլոր նման փորձերը տապալվում են, բոլոր նման արկածախնդրային, հաշվարկային մոտեցումները ձեր կողմից բացահայտվում են, իսկ ես պատրաստ եմ շարունակել կառուցողական աշխատանքը՝ առկա խնդիրների լուծման ճանապարհին՚,- նշեց նախարարը։ 
Այնուհետև Ա. Աշոտյանը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին կրթաթոշակների չափին, սահմանվող արտոնությունները նաև ոչ պետական բուհերում տարածելու հնարավորությանը, հանրակացարանների ֆոնդի վերականգնմանը և այլն։ 
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ նախարարը տեղեկացրեց, որ հանրապետության նախագահի կողմից կա հանձնարարական մշակել ուսանողական ավանի ստեղծման նախագիծ, որը հագեցած կլինի ուսման և ապրելու գերժամանակակից պայմաններով։ 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էլ հանդիպման ընթացքում նշեց, որ հիմնադրամը նույնպես քայլեր է ձեռնարկում ուսանողների սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մասնավորապես նախատեսվում է փոխհատուցել պետական բուհերի առկա ուսուցման համակարգի առաջինից չորրորդ կուրսերի 2 և ավելի երեխա ունեցողների ուսման վարձը, ինչը կխրախուսի ծնելիությունը և մեծ աջակցություն կլինի երիտասարդ ընտանիքներին։ Այս հարցով երիտասարդական հիմնադրամն առաջիկա շաբաթում կդիմի բուհերի ռեկտորներին։  
 
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝  16), 093517112
E-mail: press@heh.am
http://heh.am/
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play