Սեպտեմբերի 3-ին կրկին «Բաց դռների օր էր» Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը


Սեպտեմբերի 3-ին կրկին «Բաց դռների օր էր» Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը

  • 06-09-2013 14:49:18   | Վրաստան  |  Հասարակություն

Սեպտեմբերի 3-ին կրկին «Բաց դռների օր էր» Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը:  Այս գեղեցիկ ավանդույթը հաստատվել է տարիներ առաջ և նվիրված է  վաղամեռիկ  վարպետ, հմուտ տիկնիկագործ Գարի Դավթյանի հիշատակին: Սեպտմբերի 3-ը  Գարի Դավթյանի  ծննդյան օրն է, նաև Թբիլիսիում  hայերեն տիկնիկային ընտանեկան  թատրոնի հիմնադրման օրը: 90-ական թվականների ծանր ու  դժվար օրերին, որպես կյանքի հարատևության խորհրդանիշ, մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Գարի Դավթյանի ձեռամբ և  նրա տիկնոջ՝ Ժաննա Դավթյանի մտահղացմամբ ստեղծվեցին առաջին տիկնիկները և Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնում ներկայացվեց հայկական ժողովրդական »Քաջ Նազար» հեքիաթը:  
Պրեմիերան տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ին:  Եվ ահա  ամեն տարի այդ օրը   Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տանը կազմակերպվում է բաց դռների օր: Այս անգամ  էլ ավանդույթն իրականացավ: Կրկին բազմամարդ էր Գարի Դավթյան տիկնիկային մշակույթի տունը, գալիս էին շնորհավորելու ֆիզիկապես բաժանված, բայց երկնքից բոլորիս նայող վարպետ Գարիի և նրա ստեղծած տիկնիկային ընտանեկան թատրոնի ծննդյան օրը:
Հանդիսությունը բացեց մշակույթի տան տիրուհի Ժաննա Դավթյանը: Նա   երախտագիտության խոսքեր  ուղղեց բոլոր ներկաներին, ովքեր ծանոթ են եղել վարպետ Գարիի հետ, ովքեր միայն լսածով և տեսածով գիտեն նրա մասին, ովքեր առաջին անգամ են լինում տիկնիկների այս հրաշալի աշխարհում,սակայն գալիս են հարգելու Վարպետ Գարիի հիշատակը: Տիկին Ժաննան նաև նշեց, որ թերևս Գարի Դավթյանի կենդանության օրոք  նրա ծննդյան օրը երբեք այնքան  մարդաշատ չէր  լինում, ինչպես այժմ է: 
Հիշատակի խոսքեր ուղղվեցին  հանդիսավոր օրվա առթիվ և ասվեց, որ սեպտեմբերի 3-ը որպես տիկնիկային թատրոնի  բաց դռների օր կնշանավորվի միշտ և հանդիսավորապես:                  
                                                                                               
Վիրահայոց Թեմի մամլո դիվան 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն