Անգամ Ամանորի նախօրեին «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ ուղղված ադրբեջանական քարոզարշավը չի դադարում


Անգամ Ամանորի նախօրեին «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ ուղղված ադրբեջանական քարոզարշավը չի դադարում

  • 30-12-2010 18:38:02   | Ռուսաստան  |  Մշակույթ
«Ընդհատված երգը» ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական կինոնկարի դեմ Ադրբեջանի կողմից չդադարող քարոզչության վերաբերյալ: Հայտարարությունում ասվում է. «Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները տարածեցին «Տեղեկատվական խաղաղությանն աջակցման ադրբեջանական ասոցիացիա» կոչեցյալ կազմակերպության հայտարարությունը, որում այդ ասոցիացիան «կոչ է անում միջազգային հանրությանը պահանջել անհապաղ դադարեցնել «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները»: Ասոցիացիայում կարծում են, թե «ֆիլմի դուրսբերումը արտերկրի մեծ էկրաններին կխոչընդոտի հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորման գործընթացին» (տե՛ս` http://1news.az/society/20101229011240612.html): Մենք ստիպված ենք հերթական անգամ հիշեցնել իրականությունն աղավաղելուն սովոր ադրբեջանական կողմին, որ, սցենարի համաձայն, «Ընդհատված երգը» հոգեբանական դրամայում միեւնույն հորի մեջ հայտնված հայն ու ադրբեջանցին իրենց հուզող խնդիրների շուրջ բանավիճելով պարզապես պաշտպանում են իրենց տեսակետները, փորձում դիմացինին ներկայացնել ճշմարտության մասին սեփական պատկերացումները: Հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերություններին վերաբերող առաջին գեղարվեստական ֆիլմում ծավալվող առողջ բանավեճը չափազանց պահանջված է մեր օրերում, իսկ «Ընդհատված երգի» ստեղծման լուրին հաջորդած ադրբեջանական հիստերիան կարելի է դիտարկել որպես հայերի կողմից նկարահանվող ֆիլմի հանդեպ անհանդուրժողականության դրսեւորում: Մենք հավատարիմ ենք մնում «Ընդհատված երգի» պրեմիերան աշխարհի բազմաթիվ երկրներում անցկացնելու գաղափարին, որի իրականացման համար արդեն հունվարին հայտարարվելու է միջոցների հավաքմանն ուղղված ակցիաների շարք: Օգտվելով առիթից, ստեղծագործական խումբը շնորհավորում է բոլորին Նոր տարվա առթիվ: Թո՛ղ գալիք տարում բոլոր խնդիրներն ու հակամարտությունները գտնեն իրենց լուծումը»: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» հոգեբանական դրաման նկարահանվում է ռուսաստանյան կինեմատոգրաֆիական բուհերի շրջանավարտ 21-30 տարեկան մի շարք մոսկվայաբնակ հայերի կողմից: Պրեմիերան տեղի կունենա 2011թ.-ի գարնանը: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, պրոդյուսերը` Աշոտ Պողոսյանը: 30 դեկտեմբերի 2010 թ. Մոսկվա
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play