Երևանում կայացավ «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը» գիտագործնական կոնֆերանսը


Երևանում կայացավ «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը» գիտագործնական կոնֆերանսը

  • 28-10-2013 16:01:41   | Հայաստան  |  Վերլուծություն


2013թ. հոկտեմբերի 23-25-ը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը, ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի հետ համատեղ, Երևանում կազմակերպել էր «ՀԱՊԿ-ը և Եվրասիայի անվտանգությունը» գիտագործնական կոնֆերանսը, որի նպատակն է ստեղծել գիտական և փորձագիտական հարթակ տարածաշրջանային քաղաքական ու ռազմական զարգացումների ակտիվ քննարկման համար։

Իր ելույթի շրջանակներում ՀԱՊԿ Վերլուծական ասոցիացիայի համակարգող Ի.Ն. Պանարինը ներկայացրեց նաև Ասոցիացիայի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և Եվրասիայի անվտանգությունը» հանրային զեկուցումը»։ Զեկուցումներով հանդես եկան «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գ.Ա. Հարությունյանը, «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Վ. Սաֆարյանը, Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի (ՌՀՌԻ) Պաշտպանական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Գ.Գ. Տիշչենկոն, «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն Ս.Ն. Սարուխանյանը, «Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամի» Ուրալի մասնաճյուղի ղեկավար Ս.Պորխաչովը, ինչպես նաև կոնֆերանսի այլ մասնակիցներ։

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցություն ունեցան ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքագետներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ։

Կոնֆերանսի շրջանակներում քննարկվեցին Եվրասիայի անվտանգության հաղորդակցային և հումանիտար անվտանգության հարցեր, եվրասիականության գաղափարախոսության դերն ու տեղը, եվրասիական հետազոտությունների խնդիրները Հայաստանում, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը, ՀԱՊԿ մասնակցությունը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության ապահովմանը, ինչպես նաև երիտասարդության դերն անվտանգ եվրասիական տարածքի ձևավորման գործում։

 

 

 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն