Այսօր փոխվարչապետն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր


Այսօր փոխվարչապետն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր

  • 12-11-2013 18:14:26   | Վայոց ձորի մարզ  |  Տնտեսություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Վայոց ձորի մարզում ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին:
Ջերմուկ քաղաքում փոխվարչապետը ներկա գտնվեց համայնքային նշանակության մի շարք օբյեկտների վերաբացման արարողություններին: Քաղաքում վերանորոգումից հետո դռներն են բացել մանկապարտեզը, երաժշտական դպրոցն ու երիտասարդական կենտրոնը: Մանկապարտեզի ու երաժշտական դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում էին, նորոգվել են “Գեոթիմ” ընկերության միջոցներով` վերջինիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Այսուհետ մանկապարտեզի ավելի քան 60 եւ դպրոցի 140 սաները  հնարավորություն կունենան հաճախել անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված հաստատություններ: Երկու շենքերի հիմնանորոգման համար ընդհանուր առմամբ ծախսվել է շուրջ 100 մլն դրամ, իսկ մանկապարտեզի գույքը ձեռք է բերվել նախակրթարանների աջակցության պետական ծրագրի շրջանակում:
Փոխվարչապետը եղավ նաեւ Ջերմուկի նորաբաց երիտասարդական կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին: Շենքի նորոգման համար 19,2 մլն դրամ էր հատկացվել մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ ծրագրով, մասնավոր ներդրումների շնորհիվ կենտրոնը կահավորվել է, ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա: Հիմա արդեն քաղաքի երիտասարդությունը միջոցառումներ կազմակերպելու պայմաններ ունի, կենտրոնում կգործեն նաեւ անգլերենի եւ համակարգչային դասընթացներ, տարբեր խմբակներ:
Ա. Գեւորգյանը գոհունակությամբ նշեց, որ պետական եւ մասնավոր ներդրումների շնորհիվ հնարավոր է եղել իրականություն դարձնել համայնքի բնակիչների համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերը:  Նա հույս հայտնեց, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակվի եւ տեսանելի արդյունքներ կունենա քաղաքի բնակիչների համար:
Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց մարզի Զառիթափ, Խնձորուտ համայնքներ, ծանոթացավ առկա խնդիրներին եւ իրականացվող ծրագրերին: Զառիթափում գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են, եւ բնակիչներն  արդեն  կարող են  օգտվել երկնագույն վառելիքից:  Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը մոտ 200 մլն  դրամ է,  իրականացվել է «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի կողմից, 7 մլն դրամ հատկացվել էր չորրորդ հրատապ ծրագրով` համաֆինանսավորման նպատակով:
Խնձորուտ համայնքում Ա. Գեւորգյանը հանդիպում ունեցավ բնակիչների հետ: Որպես սահմանամերձ համայնք` Խնձորուտն օգտվում է  ՀՀ կառավարության 2013թ. N 271-Ն որոշմամբ նախատեսված արտոնություններից, ըստ որի պետության կողմից փոխհատուցվում է հողի հարկի գումարը եւ ոռոգման ջրի վարձավճարի 50 տոկոսը: Բնակիչները գոհունակություն հայտնելով այդ որոշումից` միաժամանակ ներկայացրեցին առկա խնդիրները` հատկապես նշելով  ոռոգման ջրի մատակարարման, գյուղտեխնիկայի բացակայության, 80-ից ավելի աշակերտ ունեցող  դպրոցի շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին: Փոխվարչապետը խոստացավ հարցերը քննարկման առարկա դարձնել կառավարությունում, ինչպես նաեւ պարզաբանումներ ներկայացրեց բնակչությանը հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ: Նա նաեւ տեղեկացրեց, որ  4,5 մլն դրամ է հատկացվել` համայնքի խմելու ջրագծի կառուցման աշխատանքներնավարտելու նպատակով: 
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փՓոխվարչապետն այցն ավարտեց Եղեգնաձոր համայնքում, որտեղ ներկա գտնվեց վերանորոգված Սպանդարյան փողոցի բացման արարողությանը: Պետական ծրագրերով ընդհանուր առմամբ 242 մլն դրամ է հատկացվել մոտ 1,4 կմ ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման համար: Ճանապարհը երբեւէ ասֆալտապատ չի եղել, ինչը լուրջ դժվարություն էր առաջացնում բնակիչների համար: Վերջին երկու տարվա ընթացքում  քաղաքում ընդհանուր առմամբ հիմնանորոգվել եւ բարեկարգվել է  3 կմ ճանապարհ, որի համար պետական ծրագրերով հատկացվել է շուրջ 450 մլն դրամ:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play