ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ընդունել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանը

  • 22-11-2013 16:36:24   | Հայաստան  |  Տնտեսություն
Նոյեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նախարարը ողջունեց Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք:
-Հայաստանի և Իրանի միջև չկա քաղաքական որևէ խնդիր և մեր ջանքերն ամբողջությամբ ուղղված են տնտեսական ու մշակութային դաշտում համագործակցությունն ընդլայնելուն և զարգացնելուն,- ասաց Արմեն Մովսիսյանը: -Մենք ունենք համագործակցության մեծ ներուժ, և պետք է ամեն ինչ անենք այդ ներուժը լիարժեք օգտագործելու համար, քանի որ մեր ծրագրերն ուղղված են երկու երկրների տնտեսական զարգացմանը:
Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայ գործընկերներին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:
-Հուսով եմ, որ Իրանի և Հայաստանի միջև եղած բարեկամության ներքո կկարողանանք ավելի զարգացնել մեր կապերն ու լիարժեք օգտագործել ձեր նշած ներուժը,- ասաց Համիդ Չիթչիանը: -Այսօր կարևոր է հնարավորինս շուտ գործնական փուլի անցնել երկու խոշոր ծրագրերի ` Մեղրի ՀԷԿ-ի և Երրորդ բարձրավոլտ գծի շինարարության հարցում:
  Հանդիպման ընթացքում հայ և իրանցի էներգետիկները քննարկեցին համատեղ ծրագրերին վերաբերող հարցերը, էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցության խնդիրները:
  Ի դեպ մինչ Երևան ժամանելը պատվիրակության փորձագիտական խումբը, հայ մասնագետների հետ, այցելել էր Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ` բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով: Դեռևս 2010 թվականին հայկական և իրանական կողմերը, Մեղրի և Ղարաչիլար ՀԷԿ-երի շինարարության  շրջանակներում, պայմանավորվել էին հատուկ ծրագիր իրականացնել` Արաքս գետի  ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով: Այսօր արդեն Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդրվել է ժամանակակից տեխնոլոգիա` ջրի փակ շրջանառման համակարգ, որը բացառում է կեղտաջրերի հոսքը Արաքս գետ: Մասնագետները փաստեցին, որ ներդրված համակարգը ծառայում է նպատակին:
Հայաստան այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց նաև ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ: Ծրագրված է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
 
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play