ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը և Բերձորի հետ քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր ընդունել
27-11-2013 18:06:07 | ԱՄՆ | Քաղաքական
Ս.թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հայլենդի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին։
ԼՂՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և Նախագահին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը և նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը: