ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ


ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ

  • 10-12-2013 16:41:03   | Արարատի մարզ  |  Տնտեսություն

         ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Արարատի մարզ: Նախարարն այցելել է մարզի «Էկոֆիշ Թրեյդ» և «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.»   ձկնաբուծարաններ: 
Վերոնշյալ ընկերությունները պատրաստակամություն են հայտնել  ջրի խնայողության նպատակով ներդնել ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգեր:
           Աշխատանքային այցը նախարարը սկսել է Զորակ գյուղի «Էկոֆիշ Թրեյդ» ընկերությունից: Նախարարը շրջայց է կատարել ընկերությունում,  զրուցել է աշխատակիցների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրավերով Հայաստան ժամանած գերմանական   E.M.F-ի  ընկերության մասնագետ Լ. Լեբուսի հետ, ով ևս կարծում է, որ պետք է անցում կատարվի ջրի կիսափակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգին, քանզի անհամեմատ մեծ ծավալներով ջուր է օգտագործվում: 
           Հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է աշխատանքային խմբի կատարած աշխատանքը. «Կարևորելով Արարատյան հարթավայրի ստորգետնյա ջրերի ռացիոնալ օգտագործման հանգամանքը, ՀՀ Նախագահի մոտ 2013 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդակցության ժամանակ հանձնարարվել  է գործնական քայլեր կիրառել Արարատի և Արմավիրի մարզերում գործող ձկնաբուծարաններում ջրի խնայողական համակարգերի, մասնավորապես,  կիսափակ կամ փակ շրջապտույտով ջրամատակարարման համակարգերի ներդրման ուղղությամբ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության խնդրանքով հանրապետություն  են  ժամանել «Եվրոֆիշ» միջազգային կազմակերպության և դանիական` «Բիոմար» ընկերության փորձագետները, որի արդյունքում մշակվել է  ջրի կիսափակ համակարգի ներդրման տիպային նախագծեր»,- նշել է նախարարը:
                ՀՀ գյուղատնտեսության  նախարարն այնուհետ այցելել է Սիփանիկ գյուղում գտնվող «ԻՆՏԵՐ Ա.Կ.Վ.Ա.» ՍՊԸ : Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին և   զբաղվում է թառափազգի, ծիածանափայլ ու ոսկեփայլ իշխանի և կարմրախայտ տեսակի ձկների բուծմամբ:
               Նախարարն այցի ավարտին  անդրադարձել է կիսափակ ջրամատակարարման համակարգի ներդրման  կարևորությանը. «Այս համակարգի ներդմամբ մենք  կտրուկ կնվազեցնենք  ձկնաբուծության նպատակով օգտագործվող Արարատյան հարթավայրի ստորերկրյա ջրերի պաշարները: Վերոնշյալ  տեխնոլոգիան թույլ է տալիս ձկնաբուծական ավազանի ելքային ջրերի 70%-ը դարձյալ օգտագործել: Քանզի օգտագործված ջուրը, մեխանիկական և կենսաբանական ֆիլտրերի միջոցով մաքրվելուց և թթվածնով հարստացվելուց հետո, հետ է մղվում  ձկնաբուծական ավազաններ»,- ասել է նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play