Ավարտվել է Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության 24 ժամ տևողությամբ մրցույթը


Ավարտվել է Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության 24 ժամ տևողությամբ մրցույթը

  • 23-12-2013 18:21:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Դեկտեմբերի 22-ի առավոտյան Զվարթնոց օդանավակայանի ժամանումների սրահում ավարտվեց Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 ծրագրավորման ու նորարարության 24 ժամ տևողությամբ մրցույթը: 
 
Հայտ ներկայացրած 52 թիմերից մրցույթին մասնակցեցին161 մասնակից ներառող 48 թիմեր` ծրագրավորողներ և ոչ միայն, ովքեր 24 ժամում մշակեցին և ժյուրիին ներկայացրին տարբեր ոլորտներում խնդիրների լուծմանն ուղղված իրենց նորարար նախատիպերը:
 
Դեկտեմբերի 22-ին Զվարթնոց օդանավակայան այցելեց և մասնակից թիմերի նախագծերին ծանոթացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
 
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի ժյուրիի կազմում էին.
 
- Մարիամ Դավթյան, «mLab ECA» մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի տնօրեն.
 
- Գրիգոր Բարսեղյան, Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան տնօրեն,
 
- Աշոտ Բարսեղյան, Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար,
 
- Լուսինե Կասարջյան, Molorak Arts կազմակերպության տնօրեն,
 
- Ջեմմա Իսրայելյան, Ձեռներեցության զարգացման  և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի տնօրեն,
 
- Արմեն Մաթևոսյան, Ամերիաբանկ ՓԲԸ Ծրագրավորման բաժնի ղեկավար
 
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա այսօր` դեկտեմբերի 23-ին, ժ. 20:00 «Մումբա» ակումբում (մուտքը` հրավերներով): Հիմնական անվանակարգերը չորսն են.
 
- Ամենանորարար լուծում
- Լավագույն հավելված
- Լավագույն խաղ
- Լավագույն թիմ
 
Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013-ը մեկ հաղթող թիմ կունենա, որին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից կշնորհվի 1 մլն դրամի չափով մրցանակ:
 
Մնացած անվանակարգերում հաղթող թիմերին կհանձնվեն վերջին սերնդի սմարթֆոններ Մայքրոսոֆթ ընկերության կողմից և այլ խրախուսական մրցանակներ գործընկերների կողմից:  
 
«Ամերիա» ընկերությունների խումբը, կարևորելով տեխնոլոգիական առաջընթացի և նորարարությունների դերը ֆինանսական ոլորտի զարգացման մեջ, նախատեսել է  այդ ոլորտին ուղղված լավագույն նորարարական նախատիպի խրախուսական հատուկ մրցանակ` iPhone 5 հեռախոս:
 
Ucom ընկերությունը հաղթող թիմերին կտրամադրի իր ծառայությունների փաթեթի անվճար բաժանորդագրություն:
 
Մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի, Հանրային լրագրության ակումբի, Զվարթնոց միջազգային օդանավակայանի կողմից՝  Մայքրոսոֆթ ընկերության և Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play