ԱԺ պատգամավորի կարծիքով, պետք է կազմակերպել կառավարության հրաժարականի պահանջը


ԱԺ պատգամավորի կարծիքով, պետք է կազմակերպել կառավարության հրաժարականի պահանջը

  • 08-02-2014 14:48:05   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը: Պարոն Քոքոբելյան, արդեն հայտնի է, որ Մաքսային միությանը միանալու դեպքում Հայաստանում առաջին սպառման ապրանքների գնաճ է լինելու, ի՞նչ հետանքներ դա կարող է ունենալ Հայաստանի բնակչության համար: Այսուհետ ակնհայտ է, որ Հայաստանում որոշակի ապրանքների հետ կապված տեղի են ունենալու շեշտակի թանկացումներ: Հայաստան ներկրվող ապրանքների զգալի հատված կա, որ Ռուսաստանից չի ներկրվում, այդ թվում՝ բենզինը: Մինչ այս պնդում էին, որ ներկրումների մեծ մասը Ռուսաստանից են, բայց եթե Ռուսաստանից լիներ, մենք գնաճ չէինք ունենա, իսկ էկոնոմիկայի նախարարն արդեն հայտարարեց, որ 140-150 մլն դոլար կարժենա ընթհանուր թանկացման փաթեթը: Դա մեր փոքր բյուջեի համար բավական մեծ թիվ է: Կթանկանան բենզինը, հավի միսը, դեղորայքը, էլ չենք խոսում ավտոմեքենաների մասին: Ցանկացած երկրում մաքսային քաղաքականությունն իրացվում է ուղղակիորեն տնտեսության պահանջներից ելնելով, այսինքն՝ խթանելու համար տնտեսության այս կամ այն ոլորտի զարգացումը: Ռուսական պետությունն, իմ կարծիքով, ճիշտ է անում, որ բարձր մաքսատուրքեր է կիրառում ավտոմեքենաների հետ կապված: Բայց Հայաստանի դեպքում մեր տնտեսության վրա ռուսական մաքսատուրքերը տեղայնացնելը նշանակում է, որ մենք մեր տնտեսության որևէ բաղադրիչի զարգացումը խթանելու հարցը հաշվի չենք առնում: Դա տնտեսագիտական էլեմենտար, դասագրքային ճշմարտություն է: Եվ ցավում եմ, որ մեր հարգարժան տնտեսագետներն այդ մասին չեն էլ խոսում: Ես վստահ եմ, որ Մաքսային միությանը միանալու որոշումը դե ֆակտո կայացված է, և դա, ցավոք դրտի, կախված չէ մեր իշխանությունների պահվածքից, դա բացառապես կախված է ռուսական կողմի ցանկություններից: Հայաստանի իշխանություններն արդեն պատրաստվում են ապրանքատեսակների ցուցակ ներկայացնել ռուսական կողմին, ձեր կարծիքով, հնարավորություն կա՞, որ ռուսական կողմը մաքսատուրքերի հարցով զիջումների կգնա: Ես վստահ չեմ, որ լինելու են զիջումներ, վստահ եմ, որևէ լուրջ փոփոխություն չի նախատեսվում: Թանկանալու են սննդամթերքը, վառելիքը, դեղորայքը, ավտոմեքենաները, դրանք կարևորագույն ոլորտներ են: Մի խնդիր կա, որն ինձ համար շատ մտահոգիչ է՝ եթե մենք գտնվելու ենք ռուսական գերտիրապետության տակ, որը կարծես թե ակնհայտ է, ես պատմությունից չեմ հիշում, որ որևէ պետություն գտնվի մեկ այլ պետության գերտիրապետության տակ՝ թե քաղաքական, թե տնտեսական առումով, և կարողանա ավելի զարգանալ, քան այդ երկիրը: Իսկ ռուսական պետությունն այսօր, ցավոք սրտի, աշխարհի ոչ մխիթար վիճակում գտնվող պետություններից է: Եվ Հայաստանն այդ ճանապարհով և այդքան մշուշոտ տեսլականով տանելն ակնհայտ կազդի թե արտագաղթի, թե մյուս ոլորտների վրա: Երբեմն շատ է խոսվում, որ մեր քաղաքացիներն արտագաղթում են Ռուսաստան, դա լավ օրից չէ: Էնոնոմիկայի նախարարը հայտարարում է, որ Մաքսային միությանը չմիանալու դեպքում Հայաստանում գազի գնի թանկացում կլիներ, ինչն էլ կբերեր 4-4.5 տոկոս գնաճի, ինչպե՞ս եք սա մեկնաբանում: Այսինքն՝ էկոնոմիկայի նախարարը խոստովանում է, որ գազի լծակն օգտագործելով՝ մեզ ստիպել են, որ գնանք Մաքսային միություն: Երկրորդ, ես այդ կարծիքը չեմ կիսում: Հայաստանը չգնալով Մաքսային միություն՝ կարող էր ավելի զարգացնել իր այլընտրանքային էներգետիկ համակարգը, ինչու չէ, նաեւ գազի ոլորտը: Նմանատիպ սխալ որոշումների պատճառով է, որ գազն այսօր գտնվում է տոտալ մենաշնորհային վիճակում, և մենք զրկված ենք նաև գազամուղից: Մեր հարևանությամբ գտնվող իրանական գազից օգտվելու հնարավորություն մեր ենթակառուցվածքներն այլևս չեն տալիս: Մենք պետք է նոր ենթակառուցվածք ստեղծենք: Ես միշտ ասել եմ, որ չի կարելի գազը դարձնել մատի փաթաթան, անկախության ու ինքնիշխանության էլեմենտների զիջումը կապել կենցաղային և հացի խնդիրների հետ: Դա պարզապես քաղաքական կարճատեսություն եմ համարում: ՌԴ-ում հունվարից գործող նոր օրենսդրությունը խնդրի առաջ է կանգնեցրել Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցներին: Դուք այս հարցը մտահոգիչ էիք համարել կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, բողոքներ ստացե՞լ եք մարդկանցից: Այս հարցը ես շատ կարևոր եմ համարում: Մի շատ պարզ ճշմարտություն կա՝ այսօր մեր քաղաքացիներից շատերը Ռուսաստանի տարբեր քաղաքների օդանավակայաններից ուղղակիորեն հետ են ուղարկվում Հայաստան: Այդ մարդիկ Ռուսաստանում աշխատանք են փնտրում, և նրանք կարող են հետ ուղարկվել ցանկացած օդանվակայանից ցանկացած սահմանապահի ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով: Նույնիսկ դեպքեր կան, մենք գրավոր դիմումներ ենք ստանցել այն մասին, որ մարդկանց պարզապես ասում են, թե նրանք ոչ ցանկալի հյուր են այդ պետությունում: Հասկանալի է, որ դա ռուսական պետության ներքին օրենքներով կանոնակարգվող խնդիր է, բայց ո՞ւր մնաց մեր կառավարության դերն այս գործընթացում: Ես հարցրեցի՝ թե մինչ օրս կառավարություն ինչ է արել այդ խնդրի հետ կապված, եթե չի արել, ապա ինչո՞ւ չի արել, և այդ հարցի պատասխանը չստացա: Ակնհայտ է, որ ոչինչ չի արել, և ակնհայտ է, որ առաջիկայում առանձնապես որևէ բան չի էլ արվի: Կարծես թե դա խրախուսվում է, որպեսզի արտագաղթ տեղի չունենա, բայց դա խնդրի լուծում չէ, դա մեր քաղաքացիների արժանապատվության խնդիրն է: Մաքսային միության հետ կապված անընդհատ խոսվում է, որ դա անվտանգության կարևորագույն խնդիր է, բայց մեր հարգարժան կառավարությունը պետք է հասկանա, որ անվտանգությունն առաջին հերթին սկսվում է քաղաքացու ֆիզիկական անվտանգությունից և ավարտվում պետության անվտանգությամբ: Մեր քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են հենց այսօր, էլ ուր մնաց անվտանգության խնդիրը: Արժանապատվություն ունեցող ՀՀ ցանկացած քաղացու համար դա պարզապես վիրավորական է: Ձեր կարծիքով՝ խորհրդարանական մեծամասնությունը գազի «մութ» գործարքների բացահայտմանն ուղղված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշում կկայացնի՞: Ես ստորագրահավաքի ժամանակ եղել եմ այդ ստորագրողներից առաջիններից մեկը, նախաձեռնության ընդդիմադիր հեղինակներին ասել եմ, որ մեծ հույսեր կապել չի կարելի: Ավելին, ես վստահ եմ եղել, որ քաղաքական մեծամասնությունը չի գնա այդ քայլին: Մենք այդ դեպքում ունենք մի շատ հետաքրքիր ոչ դրական փորձ՝ կապված Ազգային ժողովում հանձնաժողովներ ստեղծելու հետ: Նախ, ես չեմ հիշում որևէ հանձնաժողով, այդ թվում Մարտի 1-ի հանձնաժողովը, որ հնարավորություն ունեցած լինի հասարակությանը լիիրավ, հավաստի, վստահելի եւ ընդունելի կարծիք ներկայացնել: Եվ Ազգային ժողովում կես կատակ-կես լուրջ, այդ թվում՝ նաև իշխանական պատգամավորները խոսում են այն մասին, որ եթե մի խնդիր ցանկանում են ուղղակի ծածկադմփոց անել, լավագույն տարբերակը հանձնաժողով ստեղծելն է: Գազի դեպքն առանձնահատուկ դեպք է, և ես կարծում եմ, որ քաղաքական մեծամասնությունը համարձակություն չունեցավ ստեղծել այդ հանձնաժողովը, որովհետև այդ թեմայի ձգձգումն ու ընդհանրապես օրակարգում մնալը ձեռնտու չէր իրենց: Բուն պատճառը, որ իրենք չուզեցին ստեղծել, ոչ թե այն էր, որ իրենք վախենում էին բացահայտումներից կամ ինչ-որ խնդիրներից, այլ այն, որ այդ թեման շատ «տաք» պահելը ձեռնտու չէր քաղաքական մեծամասնությանը և այն քաղաքական ուժերին, որոնք, մեղմ ասած, ուղղվածություն ունեն դեպի Ռուսաստան: Ես կարծում եմ, որ պետք է բոլորը հասկանան, հատկապես ընդդիմադիր պատգամավորները, որ պետք է պայքարել ոչ թե հետևանքի, այլ բուն պատճառի դեմ: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սսցիալ-տնտեսական ծանր վիճակը, այդ թվում՝ այդ խայտառակ պայմանագրերը, ինչպիսին գազային պայմանագրերն են, մեր կառավարության տարիներ շարունակ վարած ոչ հեռատեսական քաղաքականության հետևանքն են: Եվ պետք է ոչ թե միանգամից գնալ զարտուղի ճանապարհներով, այլ, իմ խորին համոզմամբ, պետք է ձեռնամուխ լինել և կազմակերպել կառավարության հրաժարականի պահանջը, որը երբևէ այսքան արդիական չի եղել: Արդեն խորհրդարանական ոչ իշխանական ուժերն ակնարկում են այն մասին, որ հնարավոր է՝ հաջորդ քառօրյայում բարձրացնեն կառավարության հրաժարականի հարցը: Այդպես լայն շրջանակով տեղյակ չեմ, թե ովքեր են այդ հարցը դնում, ովքեր ոչ, բայց կարծում եմ, որ այդտեղ պարզ կերևա, թե ով ինչ ցանկություն ունի վերջնակետում, կերևա, թե իրականում ինչ է կատարվում: Իսկ փորձել դա նորից տանել Սահմանադրական դատարան և այլն, ես չեմ հասկանում, թե ինչը պետք է տանել Սահմանադրական դատարան: Ես վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն ուղղակիորեն դա մերժելու է, և դա ոչ արդյունավետ ճանապարհ է՝ պայքարելու չգիտեմ ինչի դեմ: Ոչ թե պետք է պայքարել ինչի դեմ, այլ պետք է պայքարել կոնկրետ մարդկանց, կոնկրետ կառավարության դեմ: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկում հանձնաժողով ստեղծելու մասին: Անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչ ենթատեքստ կա դրա տակ, բայց ես վստահ եմ, որ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանը, կվարվեն այնպես, ինչպես քաղաքական մեծամասնությունը կորոշի: Իհարկե, ցանկացած ուժի կայացրած որոշում նորմալ է, երբ կատարում են իր անդամները, բայց տարբեր կարծիքներ չունենալը նորմալ չեմ համարում: Շատ պարզ վիճակ է, դուք վստահ չե՞ք, որ ռուսական պետության համար Գազպորմի խնդիրն ավելի կարևոր է, քան Հայաստանի անկախության խնդիրը: Կարծում եմ, այդտեղից բխում է, թե ինչպես կպահեն իրենց մեր իշխանությունը և Սահմանադրական դատարանը:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ