Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը


Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը

  • 18-04-2014 16:16:41   | Ռումինիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու  Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ 2012թ-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երևանին փոխանցվել է Բուխարեստից: Ա. Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի  համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը:

«Այս համագործակցության ընթացքում հայկական և ռումինական կողմերի միջև գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար»,- նշել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը նախատեսված է 2015 թվականին: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարևորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը, և գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Ա. Աշոտյանն առաջարկել  է նաև հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել:
Կարևորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝  դեսպան Վասիլեն ընդգծել է  ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Ռումինիայի հայկական համայնքի  գոյության փաստը: Դեսպանը  շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական  և ուսանողների փոխանակման  ծրագրերին վերաբերող հարցեր:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play