Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը


Հաստատվել են բուհերի 2014-2015 ուստարվա առկա ուսուցման տեղերը

  • 30-04-2014 14:02:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014/2015 ուսումնական տարվա՝ բակալավրի կրթական ծրագրով և մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ ընդունելության տեղերը: Նոր ուսումնական տարվա համար նախատեսվում է բակալավրի կրթական ծրագրով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 2516 տեղ, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ 1715 տեղ, որից 1312 տեղ՝ առանց տարկետման իրավունքի և 403 տեղ՝ տարկետման իրավունքով: Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է 2014/2015 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը: Ասպիրանտական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հաստատվել է 379 տեղ, որից 239-ը առանց տարկետման իրավունքի, 140 տեղ տարկետման իրավունքով, 95 տեղ օրդինատուրայի կրթական ծրագրով և 14 տեղ դոկտորանտուրայի կրթական ծրագրով:
ՀՀ կառավարության որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվել է  «Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի, նոր խմբագրությամբ է շարադրվել կրթօջախի կանոնադրությունը: Ակնկալվում է, որ վերակազմակերպման արդյունքում բուհի հետագա զարգացման համար կբացվեն նոր հեռանկարներ, կընդլայնվեն մասնագետների պատրաստման ծավալը, ձեռնարկատիրական գործունեության ոլորտները:
Նույն հիմնավորմամբ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» ՊՈԱԿ-ի, հաստատվել է համալսարանի նոր խմբագրությամբ շարադրված կանոնադրությունը, սահմանվել են ձեռնարկատիրական գործունեության տեսակները:
Կրթության ոլորտին վերաբերող հաջորդ որոշմամբ կառավարությունը հաստատել է այն կազմակերպությունների ցանկը, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից իրականացվող «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրով մատակարարել են ուսումնական ռոբոտներ, սահմանել, որ դրանք մատակարարվում են անհատույց: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական ռոբոտների անհատույց տրամադրման գործարքները ԱԱՀ-ից ազատելու անհրաժեշտությամբ:


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայություն», «ՀՀ ԿԱ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների մատուցում» և «Քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցում» ծրագրերի արտաբյուջետային հաշիվների միջոցների նախահաշիվները:
Կառավարությունը հավանություն է տվել պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին Պետգնումների գործակալության և «Գլենդել Հիլզ» ՓԲԸ միջև 2009թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրում փոփոխություն կատարելու համաձայնագրին, նպատակ ունենալով կարգավորել կիսակառույց (անավարտ) բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման հետ կապված հարցերը, լուծել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ծրագրի շահառու ճանաչված և կիսակառույց (անավարտ) բնակելի տներ ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները:
Օրենսդրական հակասությունների կարգավորման, տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել 2009թ. մարտի 5-ին ընդունված Առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգին վերաբերող թիվ 287-Ն որոշման մեջ, փոփոխություններ՝ 2013թ. հուլիսի 25-ի «Տեսչություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու մասին» թիվ 856-Ն որոշման հավելվածում:
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ Արամայիս Գրիգորյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play