“Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր” Բարեգործական Հիմանադրամը անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 2014» 9-րդ մարաթոնը


“Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր” Բարեգործական Հիմանադրամը անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 2014» 9-րդ մարաթոնը

  • 05-05-2014 17:03:54   | Հայաստան  |  Բարեգործություն

 Ավելի քան 500 մասնակից՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքային ղեկավարներ, այնպես էլ պարզապես կամավորներ են մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնին,  որն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Միջոցառումը նշանավորվեց  երիտասարդների, մի շարք տեղական հայկական դպրոցների, կազմակերպությունների, ուսանողական միությունների, երիտասարդական ակումբների ակտիվ մասնակցությամբ:
Համայնքային միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 3-ին Գլենդեյլում, Կալիֆորնիա: Քայլերթը մեկնարկեց Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցից, հասավ մինչև Գլենդելի կենտրոն և վերադարձավ մեկնարկային կետ, որտեղ շարունակվեց տոնախմբությունը:    
«Կյանքի քայլ 2014» մարաթոնի գլխավոր հովանավորները երեքն էին `Գլենդել Մեմորիալ հիվանդանոցը, “Ֆաունդեյշն” լաբորատորիան և մի անանուն բարերար:
Բացման արարողության ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ: Ելույթ ունեցավ նաև  բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը:
“Մենք նվիրում ենք այս քայլերթը մեր բոլոր հիվանդներին, նաև նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Սակայն նրանց ընտանիքները և ընկերները այսօր մեզ հետ այստեղ են և օգնում են մեզ մեր գործում”, - ասաց դոկտոր Ֆրիդա Ջորդանը: Ապա դոկտոր Ջորդանը ներկայացրեց քաղցկեղից բուժված տասնամյա մի փոքրիկի, Գրեյս Կեսաբլակին, որը շնորհակալություն հայտնեց բոլորին աջակցության համար և ներկայացրեց քայլերթի համար իր կողմից հավաքված նվիրատվությունը: « Գրեյսի պատմությունը, ինչպես նաև շատ այլ պատմություններ դարձնում են մեր աշխատանքը այդքան նշանակալի":  
Դոկտոր Ջորդանը ներկայացրեց նաև Արփինե Զոհրաբյանին, ով երկար ժամանակ աջակցել է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և ռեեստրի կամավոր դոնորներից է, նա կազմակերպել էր դրամահավաք «Կյանքի քայլ 2014» համար: «Երեք տարի առաջ, ես երեք տարեկան երեխային նվիրել եմ ոսկրածուծ: Այսօր այդ երեխան վեց տարեկան է, բուժված քաղցկեղից, առողջ, խաղում է և վայելում կյանքը: Այսպիսով, ես խրախուսում եմ բոլորին միանալ ռեեստրի շարքերին՝ դառնալով պոտենցիալ դոնոր: Այսօր հանձնելով մի պարզ նմուշ, հետագայում կարող եք օգնել փրկել մեկի կյանքը »,- ասաց  Զոհրաբյանը:
Նախքան քայլերթի մեկնարկը, մասնակիցները հավաքվեցին ոգեշնչող երաժշտության ներքո, կատարվեց ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունը դոկտոր Ֆրիդա Ջորդանի և Գրեյս Քեսաբլաքի կողմից:
5 մղոն երկարությամբ քայլերթն անցավ նաև Հայկական Հյուպատոսարանի մոտով, որտեղ մասնակիցներին ողջունեցին հյուպատոս Արտակ Գալստյանը և հյուպատոսարանի անձնակազմը: 
 «Կյանքի քայլ 2014» քայլերթը ավարտվեց Գլենդեյլի Մեմորիալ Հոսփիթալ Պլազայում, որտեղ մասնակիցները շարունակեցին տոնախմբությունը:  Տեղական դպրոցներից, հարյուրավոր երեխաներ շնորհվեցին  մեդալներով  «Կյանքի քայլ 2014» մասնակցության համար:
Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամում մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885  հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play