Երևանի 20 հիմնական դպրոցների աշակերտներ մրցակցել են զենքի ճանաչողության մրցույթում
13-05-2014 19:00:39 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երևանի 20 հիմնական դպրոցների 8-9-րդ դասարանների 120 աշակերտների մասնակցությամբ ապրիլի 17-ից մայիսի 13-ը անցկացվել է «Սովորիր օգտվել զենքից» մրցույթ, որի ամփոփիչ փուլը և հաղթող աշակերտներին պատվոգրերի հանձնման արարողությունը կայացել է Հայաստանի «Դինամո» մարզա-հասարակական կազմակերպության մարզադահլիճում։ Մրցույթն անցկացվել է «Ճանաչիր զենքը, պաշտպանիր հայրենիքդ» խորագրով։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել ՀՀ Ոստիկանությանը՝ մրցույթը նախաձեռնելու և կազմակերպելու համար։
«Երևանյան դպրոցների շատ աշակերտների համար սա հայրենասիրական ոգով տրվող ռազմագիտության լրացուցիչ դաս էր, որը զենքի ճանաչողությունից բացի, սովորեցրեց նաև զինվորական կարգապահություն»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։
Մրցույթի հեղինակ, ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ, «Դինամո» մարզական կազմակերպության պատվավոր անդամ Տարոն Մարգարյանին՝ մրցույթը գաղափարից կյանքի կոչելու համար։
Մրցույթում լավագույնը ճանաչված 10 աշակերտները պարգևատրվել են պատվոգրերով։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցծ հայտնում են, որ Գառնիկ Հայրապետյանը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանին ևս պարգևատրել է ՀՀ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պատվոգրով՝ համագործակցության համար։