Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի նախաձեռնած ռուսաց լեզվի անվճար դասընթացները շարունակվում են


Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի նախաձեռնած ռուսաց լեզվի անվճար դասընթացները շարունակվում են

  • 17-09-2014 18:35:29   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Ազգային Ժողովում մեկնարկել է Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական խորհրդարանական ակումբի նախաձեռնությամբ  անցկացվող ռուսաց լեզվի անվճար դասընթացների 3-րդ փուլը: Դասընթացներն անցկացվում են ամբողջ Հայաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ  գործում  է 103 ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոն, որի ղեկավար Լուիզա Գումրոյանի տեղեկացմամբ, արդեն 2 տարի անցկացվող այս դասընթացներին կարող են մասնակցել 6 տարեկանից սկսած բոլոր ցանկացողները: Ըստ նրա, դիմորդների թիվը աճում է. եթե նախորդ փուլին  մասնակեցել է 8000 դիմորդ, ապա այս փուլին մասնակիցների թիվը  գրեթե կրկնապատկվել է, հասնելով 15000-ի:
 
ՀՀ ԱԺ-ում անցկացվող դասընթացներին մասնակցում են Ազգային ժողովի աշխատակազմի անդամները, որոնցից շատերը «Նոյյան Տապանի» թղթակցի հետ զրույցում նշեցին, որ շնորհիվ այս ծրագրի իրենք  ոչ միայն բարելավեցին իրենց գիտելիքները, այլեւ հնարավորություն ստացան  ավելի վարժ շփվել  կենտրոնում  ծրագրի շրջանակներում  պարբերաբար կազմակերպվող կլոր սեղաններին, ինչպես նաեւ այլ ձեւաչափով անցկացվող   քննարկումներին: 
 
Ամառային արձակուրդների ընթացքում կենտրոնների դասախոսները  հնարավորություն ունեցան  մասնակցել  Ռուսաստանի Ազգերի բարեկամության համալսարանի  դասախոսական կազմի կողմից անցկացված  որակավորման դասընթացներին  եւ ստանալ համապատասխան որակավորում: 
 
Ինչպես նշեց Լ. Գումրոյանը, կազմակերպվում են նաեւ վճարովի դասընթացներ՝ նախատեսված  հատուկ Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցող միգրանտների համար հետեւյալ պահանջվող առարկաների գծով.  Ռուսաց լեզու, Ռուսատանի պատմություն,  Իրավունք եւ օրենսդրություն: Ուսումն անցկացվում է հատուկ մշակված հարցաշարերի հիման վրա: Վճարովի դասընթացին մասնակցած միգրանտներին հնարավորություն է տրվում նաեւ ուսման ավարտին հանձնել քննություն եւ անմիջապես ստանալ  Ռուսասատնի Դաշնությունում ապրելու եւ աշխատելու թույլտվություն: 
 
Ծրագրի շրջանակներում անցկացվող դասընթացների 3-րդ փուլը Հայաստանի մարզերում բացված կենտրոններում սկսվելու է  սեպտեմբերի 22-ից, իսկ ԱԺ-ում անցկացվող դասընթացները սկսվել են արդեն այսօր՝ սեպտեմբերի 17-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play