Ընդլայնվում են էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը


Ընդլայնվում են էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը

  • 25-12-2014 15:33:41   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր էլեկտրոնային գնումների կարգը, կատարել է փոփոխություններ և ընդլայնել էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով իրականացվող գնումների շրջանակը: 2015թ. հունվարի 1-ից այդ համակարգով կիրականացվեն նաև հանրապետական գործադիր մարմինների ու տարածքային կառավարման մարմինների և պետական հիմնարկների կողմից կատարվող պարզեցված, ինչպես նաև քաղաքային համայնքների կողմից իրականացված բաց, պարզեցված և շրջանակային համաձայնագրերով գնման ընթացակարգերը, ինչը կնվազեցնի ինչպես թղթատարությունը, այնպես էլ կոռուպցիոն ռիսկը:
Նիստում հավանություն է տրվել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման կարգին, որի կիրառմամբ կապահովվի կատարվող ֆինանսական ներդրումների տեղաբաշխման արդյունավետությունը:
Կառավարությունը հաստատել է պետական միջոցների հաշվին կառուցվող օբյեկտներում կիրառման ենթակա էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները: Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական միջոցների հաշվին կառուցվող, վերակառուցվող և հիմնական նորոգվող կրթության, մշակույթի, մարզական, առողջապահական, վարչական և հասարակական նշանակության այլ օբյեկտներում էականորեն նվազեցնել օգտագործվող վառելիքաէներգետիկ ռեսուրսների սպառման ծավալները, կրճատել շահագործման ծախսը:
Ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի լրացմամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի նոտարն իր նոտարական գործողություններն իրականացնի «Էլեկտրոնային նոտար» համակարգի միջոցով և «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ:
 
 
Պետությունը հաղորդակցության ազատություն է սահմանում
 
 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով, հաշվի առնելով 1963թ. Վիեննայի «Հյուպատոսական կապի մասին» կոնվենցիայի 35-րդ հոդվածը, կապի ազատությունը, մասնավորապես՝ հյուպատոսական հիմնարկի համար հավատարմագրվող պետության կողմից սահմանվում է կապի ազատություն՝ ներառյալ դիվանագիտական և հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական և հյուպատոսական փոստը և ծածկագրված ճեպահաղորդումները:
Նիստում քննարկվել է «Նախկին ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՀՀ մի շարք օրենքներ և ՀՀ Գերագույն խորհրդի մի շարք նորմատիվ իրավական ակտեր ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Օրինագծով առաջարկվում է նախկինում բարձր պաշտոն զբաղեցնող անձին չզրկել կենսաթոշակի անցնելու ժամանակ նրան տրվելիք արտոնությունից: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծի վերաբերյալ՝ համարելով, որ դրա ընդունման անհրաժեշտություն չկա: Քննության է առնվել պատգամավոր Հրանտ Բագրատյանի մեկ այլ օրենսդրական նախաձեռնությունը, որով նա առաջարկում է օրենսդրորեն սահմանել, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի անկախ այն հանգամանքից, թե որքան է պաշտոնավարել: Կառավարությունը դեմ չէ նախագծի հեղինակի մոտեցմանը և պատրաստ է համագործակցել նրա հետ՝ պաշտոնավարման ժամկետի ողջամիտ սահմանափակում մշակելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 
 
Այլ որոշումներ
 
 
ՀՀ կառավարության որոշումներով ստեղծվել է «ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (ՊԿՀ), հաստատվել նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, վերակազմակերպվել է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ն՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին միացման ձևով: Հաստատվել են նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը վերանվանվել է Հայաստանի զարգացման հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը: 
Կառավարության որոշմամբ Կարեն Իսախանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի, Համլետ Հակոբյանը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոններից:
Նկատի առնելով թավջութակահար Նարեկ Հախնազարյանի միջազգային ճանաչումը և ծավալած մշակութային գործունեությունը, գործադիրը նրան ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից:
ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել Քոլեջների համաշխարհային ցանցի ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիներ Արգիշտի Զուրաբյանին, Ռոբերտ Պետորսյանին, Ալեքսեյ Գասպարյանին և Մարգար Հարությունյանին: Նրանք սովորում են համապատասխանաբար Միացյալ Թագավորության, Իտալիայի և Չինաստանի քոլեջների միջազգային բակալավրիատում:
Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանի կիբեռնետիկայի և տեղեկատվական անվտանգության ֆակուլտետի ուսանողներ Արթուր Կարապետյանին և Վահան Մուրադյանին:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն