Հայտնի են Հայաստանի լավագույն բուհերը


Հայտնի են Հայաստանի լավագույն բուհերը

  • 25-12-2014 16:59:10   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի 2014 թվականի արդյունքների ամփոփումը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բուհերի ռեկտորներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով վարկանիշավորման համակարգի հիմնական սկզբունքները, հիշեցրել է, որ նախորդ տարի նախարարությունը նախաձեռնել էր փորձնական ծրագիր` մշակել ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը, թե ինչպիսի որակ են ապահովում ՀՀ բուհերը` ելնելով միջազգային չափանիշերից, որոնք ընկած են ազգային վարկանիշավորման համակարգի հիմքում:
 
«Այս տարի բազմաթիվ միջազգային և տեղական փորձագետներ են աշխատել, որ այս համակարգը լինի մաքսիմալ օբյեկտիվ և արտահայտի ուսանողակենտրոն  որակյալ կրթական ծառայությունների տրամադրման քաղաքականությունը: Այսուհետ վերոնշյալ համակարգը կհանդիսանա այն հիմքը, որով հասարակությանն ամեն տարի կտրամադրվի ՀՀ բուհերի գործունեության օբյեկտիվ պատկերը: Համակարգի շնորհիվ բուհերը ևս կարող են ուսումնասիրել իրենց թույլ և ուժեղ կողմերը, գործադրել հավելյալ ջանքեր և ճշգրտել` ինչպիսի մրցակցային առավելություններ և թերություններ ունեն»,-նշել է նախարարը` ընդգծելով, որ որոշ բուհեր չեն զբաղեցրել համապատասխան բարձր տեղեր, քանի որ ոչ լիարժեք են ներկայացրել իրենց տվյալները: «Կա նաև մեկ այլ ծայրահեղություն. որոշ բուհեր նախատեսվածից  առավել տվյալներ  են ներկայացրել, որոնց արժանահավատության հետ կապված խնդիրներ են ծագել: Ուստի դրանք լրամշակվել են` օբյեկտիվ պատկեր ստանալու համար»,-նշել է Արմեն Աշոտյանը: Ամփոփելով վարկանիշավորման արդյունքները` նախարարն ընդգծել է, որ առաջատար եռյակում են հայտվել Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը և Երևանի Մ. Հերացու անցան պետական բժշկական համալսարանը: Ա. Աշոտյանը նաև տեղեկացրել է, որ նախարարությունը նախատեսում է  վարկանիշավորման համակարգի արդյունքների հիման վրա վերանայել պետական քաղաքականությունը մի շարք ոլորտներում: Ըստ նախարարի` դա առաջին հերթին կվերաբերի պետական պատվերի ձևավորման սկզբունքներին, որի հիմքում ընկած կլինի նաև վերոնշյալ համակարգում բուհի զբաղեցրած տեղը: «Իհարկե, սա չի լինի միակ գործոնը. մեզ համար առաջնահերթ կլինի բուհի հավատարմագրված լինելու փաստը, իսկ այս երկու գործընթացները որոշ տվյալներով համադրվում են, որոշ տվյալներով` փոխլրացվում: Երկրորդ, այն բուհերը, որտեղ կան ակնհայտ խնդիրներ, աջակցության  և լրացուցիչ վերահսկողության կարիք կունենան: Երրորդ` հաջորդ տարի նախարարությւոնը պատրաստվում է վարկանիշավորման համակարգը փոխանցել կամ համատեղ իրականացնել հասարակության և բուհերի վստահությունը  վայելող որևէ ոչ պետական կառույցի հետ, ինչպես բոլոր միջազգային վարկանիշավորման համակարգերի պարագայում է»,-նշել է նախարարը` հավելելով, որ վարկանիշավորման համակարգը շատ օգտակար կարող է լինել նաև ապագա դիմորդների համար: Վարկանիշավորման համակարգի մեթոդաբանությունը և իրականացված փոփոխությունները ներկայացրել է ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը, ով նաև պատասխանել է բուհերի ներկայացուցիչներին հետաքրքրող  հարցերին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play