Որևէ իրավախախտում թույլ չտված ու խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկել.Լևոն Բարսեղյան


Որևէ իրավախախտում թույլ չտված ու խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկել.Լևոն Բարսեղյան

  • 16-01-2015 13:16:04   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Գյումրիում երեկ երեկոյան ոստիկանության գործողությունները մի շարք դեպքերում խախտումներով են եղել: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: «Մի շարք դեպքերում այդ գործողությունները շատ այլանդակ են եղել, որովհետև շատ մարդկանց բերման են ենթարկել իրենց մեքենաների միջից: Այսինքն՝ որևէ իրավախախտում թույլ չտված ու խաղաղ ցուցարարներին բերման են ենթարկել՝ իրենց մեքենաների միջից հանելով: Մարդիկ նստել էլ էին, որ մեկնեին Երևան և ոչ մի իրավախախտման հետ կապ չունեին: Այդ մարդկանց զոռով տարել էին ոստիկանություն, ում մեքենայի դուռը չէին կարողացել բացել, ապակիներն էին թակել, կոչ անելով բացել»,- պատմեց Լևոն Բարսեղյանը: Նա նշեց, որ բերման ենթարկվածներին 4-6 ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում: «Ես ոստիկանական Մուշ բաժանմունքում էի, մինչև վերջ սպասեցի, որ մինև վերջինին ազատ արձակեն, մարդկանց օրենքը խախտելով 4-6 ժամ պահել են այնտեղ և նոր ազատ արձակել»,- ասաց նա: Անդրադառնալով հանցագործին տեսանկարահանելու գյումրեցիների պահանջին՝ Լևոն Բարսեղյանն ասաց, որ գյումրեցիներն ուզում են համոզվել, որ հանցագործն այսօր Հայաստանում է: «Գլխավոր դատախազն ասել էր՝ գնացեք և տեսեք: Որոշվեց, որ Մարտուն Գրիգորյանը և ցուցարարներից մեկ հոգի գնան և տեսնեն: Հանցագործը 102-րդ ռազմական բազայում է պահվում, ոստիկանության վարչության պետի հետ գնացին: Իրենց պատմածով՝ դռան պատուհանիկի միջով տեսել են մեղադրյալին, նկարագրեցին, որ հագին պիժամայի նման հագուստ է եղել: Ասացին, որ արգելեցին նկարել, բայց Հայաստանի դատախազն ասել էր, որ կարող եք նկարել»,- ասաց նա: Դիտարկմանը, որ գյումրեցիները փաստացի չեն հավատում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոստումներին, Լևոն Բարսեղյանը նշեց, որ Գլխավոր դատախազը երեկ մի քանի անգամ կրկնեց նախկինում իր ասածները: «Սկզբունքորեն պահանջը բոլորին հասկանալի է՝ գործը փոխանցել Հայաստանի իրավակապահ մարմիններին: Իր մեկնաբանությունները հայտնի են, ռուսական կողմի լոբբինգը նույպես հայտնի է: Մի քանի անգամ առաջարկեց 30 հոգանոց խմբերով բարձրանալ դատախազություն: Ես էլ բացատրեցի, որ այսքան մարդու չեք կարող 30 հոգանոց խմբերով հանել վերև ինչ-որ բան բացատրել: Պահանջը հասկանալի է, տեխնիակական լուծումը Զարուհի Փոստանջյանն ու Արթուր Սաքունցն առաջարկեցին: Խոսք եղավ այն մասին, որ եթե ինքը սկզբունքորեն համաձայն է հանրության պահանջի հետ, ինքը նախ պիտի հայտարարի այդ մասին և ասի, եթե համաձայն է, իրեն ինչն է պակասում դա անելու համար: Եթե իրավական գիտելիքների կարիք կա, բազմաթիվ իրավաբաններ անցած օրերին բացատրել են, որ այս-այս հանգամանքներով ու իրավական ակտերով գործը պետք է վարի հայկական կողմը: Եթե պետք է իրավաբանների հրավիրենք, որպեսզի օգնեն: Եթե համարձակության հարց կա, այն որ ժողովուրդը հավաքված է, դա իր համար բավական լուրջ հիմք է, որ որպեսզի կարողանա այդ հարցն առաջ տանել և ռուսական կողմին, հայկական կողմում նրանց, ովքեր համաձայն չեն այդ պահանջի հետ, կարող է ասել, որ հանրային պահանջ կա: Եթե համաձայն չէ, պահանջի հետ, կարող է ասել, որ ռուսական կողմը պետք է վարի գործը»,- ասաց նա: Լևոն Բարսեյանի խոսքով՝ դատախազը կրկնեց, որ ինքը պատարստ է դա անել, քննչական որոշ գործողություններից հետո գրավոր միջնորդություն կգրի ՌԴ գլխավոր դատախազին՝ միջնորդելով գործը փոխանցելով հայկական կողմին, բայց ժամկետ չի նշել: Ըստ նրա՝ գյումրեցիները գտնում են, որ այսօր իրենց պահանջը մասնակի բավարարված է: «Մի կողմից իրենց բողոքն արտահայտած լինելու հանգամանքով, մյուս կողմից դատախազի խոսքերը հնչեցին, հետո պարզվեց, որ մեղադրյալն իրոք Գյումրիում է, մարդիկ գտան, որ իրենց բողոքը տեղ է հասել, պահանջն էլ մասնակի բավարարվել է: Ինչ-որ որոշում չի եղել, ժողովուրդը գոհ է, թե չէ, գնացին տուն: Նոր ակցայի մասին որևէ նորություն չկա»,- ասաց նա: 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ