Արցախի Հանրապետության վարչապետը այցելել է Ճարտար քաղաք


Արցախի Հանրապետության վարչապետը այցելել է Ճարտար քաղաք

  • 16-01-2015 13:50:34   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի  15-ին այցելել է Ճարտար քաղաք և մասնակցել համայնքի գյուղատնտեսական կոոպերատիվ տնտեսության ծրագրի շնորհանդեսին:
Վարչապետը ողջունելի է համարել Ճարտարի բնակչության նախաձեռնությամբ ստեղծվող գյուղատնտեսական առաջին կոոպերատիվը և նշել, որ ժամանակը ցույց է տվել, որ կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո Արցախում գյուղատնտեսությունը լուրջ հետընթաց է ապրել: Նա շեշտադրել է, որ ԼՂՀ նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ կառավարությունը մեծապես աջակցում է համայնքներում կոոպերատիվների ձևավորման և զարգացման գործընթացին:
Ա. Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ նոր կազմավորվող կոոպերատիվը նպաստելու է Ճարտարի երբեմնի գյուղատնտեսական հնարավորությունների վերականգնմանը, որն իր դրական ազդեցությունը կունենա բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման վրա: Բացի գյուղատնտեսական կուլտուրաների մշակումից, այն կզբաղվի նաև վերամշակման գործունեությամբ՝ սեփական արտադրանքը հանելով շուկա: 
Ժամանակակից կոոպերատիվ տնտեսությունների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, նշել է, որ աշխարհի առաջատար ագրարային տնտեսություններ ունեցող  երկրներում կոոպերատիվ համակարգը մեծ տարածում ունի և ընկած է դրանց հաջողությունների հիմքում: Ժ. Միրզոյանն անդրադարձել է  նաև Ճարտարի  կոլտնտեսության շրջանի և անցած տարում արձանագրված գյուղմթերքի ցուցանիշների տարբերությանը՝ մատնանշելով գրանցված անկման չափերը: Նա հավելել է, որ արդի կոոպերատիվ և նախկին կոլեկտիվ տնտեսությունների միջև էական տարբերություններ կան: Մասնավորապես, կոոպերատիվ տնտեսությունները ձևավորվում են կամավոր և փայատիրական սկզբունքով՝ հիմքում ունենալով կոլեկտիվ շահի գիտակցությունն ու համատեղ աշխատանքը:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այնուհետև վարչապետի մասնակցությամբ տեղի է ունեցել տարբեր հարցերի շուրջ քննարկում, որին մասնակցում էին պատասխանատու պաշտոնյաներ, բարերաներ և համայնքի բնակիչներ: Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև բնակիչներին հուզող այլ հարցերի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն