ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը՝ 2015-ին ընդառաջ


ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը՝ 2015-ին ընդառաջ

  • 21-01-2015 18:16:16   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական Սևադա Հայրապետյանին և ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պետ-ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչ Արամ Մելքոնյանին, շնորհավորելով նրանց պաշտոնների ստանձնման կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք:
Նախարարը խորհրդակցության ընթացքում անդրադարձել է 2015 թվականին քաղաքաշինության նախարարության կողմից կատարվելիք աշխատանքներին: Մասնավորաբար, նախարարության մշակած մի շարք՝ Երևանի փոքր կենտրոնի մասին, Ճարտարապետական գործունեության մասին, ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին (ներառելով Հայաստանի վաստակավոր շինարարի կոչումը), ինչպես նաև՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (տնտեսական եղանակով շինարարության թույլատրելի օբյեկտների մասով) ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված նախարար Սարգսյանը կարևորել է 2015-ին վերը նշված օրենքները ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելուն ուղղված աշխատանքները:
Անդրադառնալով 2014-ին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից  շինարարության ոլորտում արձանագրված ցուցանիշներին, նա կարևորել է 2015-ին նոր մոտեցումների մշակումը՝ խթանելու ներդրումային ծրագրերը, և նպաստելու շինարարության կայուն զարգացմանը:
Այս առումով Ն. Սարգսյանը հիշատակել է արդեն իսկ սկսված մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք նախադեպային կարող են լինել ոլորտի զարգացման համար՝ փոփոխություններ ապահովելով 2015 թվականի վերջերին: Անցյալ տարեվերջին՝ 2014 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրվել է Հին Երևան ծրագրի պայմանագիրը, որի շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի: Միաժամանակ, նախարարության կողմից աշխատանքներ են կատարվում 33-րդ թաղամասի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի  կառուցապատման սխեմայի մշակման և ներդրողներին այն ներկայացնելու ուղղությամբ:
Ներդրումային ծրագրերի իրականացման տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է նաև քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի դերն ու նշանակությունը, նշելով, որ այն տարիներ շարունակ զուտ շինարարություն կազմակերպող կառույց է եղել` հետին պլանում թողնելով իր բուն՝ ներդրումային ծրագրերի իրականացման գործառույթը: 
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին՝ իրավական ակտերի համատեքստում հատուկ նորմատիվային պահանջներ մշակել, հետայսու բացառելով առանց բակային տարածքների բնակելի շենքերի կառուցումը, միաժամանակ, կառուցվող շենքերում որպես պարտադիր նորմ նախատեսելով մանկական սենյակի, ծերերի զրուցարանի և այլ սոցիալ-մշակութային նշանակության տարածքների առկայությունը:
Անդրադարձ կատարելով դեռևս նախորդ տարի սկսված ՀՀ քաղաքաշինության նախարարության ծրագրերին՝ ուղղված հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծման քաղաքականության զարգացմանը, նախարար Սարգսյանը հանձնարարել է ուսումնասիրել և խոշորացված նախահաշիվ կազմել Ալեքսանդր Սպենդարյանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյան համերգասրահի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության պետական թանգարանի, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մատչելի (արտաքին և ներքին թեքահարթակների, վերելակների, սանհանգույցների ստեղծմամբ) դարձնելու առումով՝ նպատակ ունենալով տվյալ խնդիրը առաջիկայում ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Քաղաքաշինության նախարարն անդրադարձել է նաև աղետի գոտու բնակապահովման ծրագրերին, նախարարության պատասխանատուներին  հանձնարարելով, որ հետևողական լինեն սեփականաշնորհման գործընթացի արագ իրականացմանը, քանի որ 2014-ին մեկնարկած ԲԳՎ ծրագրի հաջողությունը մեծապես պայմանավորված է դրանով: Նա նշել է, որ 2015 թվականին պետք է ամբողջովին ավարտին հասցվի երկրաշարժի հետևանքով Գյումրիում անօթևան մնացած ընտանիքների բնակապահովման ծրագիրը:
Նարեկ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում կարևորել է քաղաքաշինության նախարարության մարզային այցելությունները՝ մարզային քաղաքներին և գյուղական բնակավայրերին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու և տեղերում զարգացման ծրագրեր իրականացնելու համատեքստում:
Նախարարը կարևորել է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության և միջազգային կառույցների համագործակցությունը` նշելով որ ըստ նախնական պայմանավորվածության՝ այս տարվա մայիսին նախատեսվում է ՀՀ և ՌԴ քաղաքաշինության ոլորտների պատասխանատուների հանդիպում և փոխհամագործակցության պայմանագրերի ստորագրում: Միաժամանակ նախարարությունը կշարունակի արդյունավետ կերպով համագործակցել իր եվրոպական գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, KFW բանկի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի, ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական ֆոնդի հետ և այլն:
Քաղաքաշինության ոլորտի պատասխանատուն խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նաև շինարարության և ճարտարապետության երախտավորների գործունեության քարոզման ու հանրահռչակման խնդրին՝ այս համատեքստում կարևոր համարելով Հայաստանի շինարարների միության հետ վաստակաշատ շինարարների գործունեությունը հանրությանը մատչելի և ամբողջական ներկայացնելուն ուղղված ժողովածուի հրատարակումը: 
Իսկ ճարտարապետության ոլորտի երախտավորների կյանքն ու գործը հանրությանը ճանաչելի դարձնելուն ուղղված աշխատանքների ցանկում նախարարը հիշատակել է անցյալ դարասկզբի հայ ճարտարապետներ Բորիս Մեհրաբյանի և Վլադիմիր Միրզոյանի վերաբերյալ գրքերի հրատարակումը՝ գնահատելով հայ ճարտարապետության մեջ կարևոր դեր ունեցած և այսօր հանիրավի մոռացության մատնված մեր երևելիների գործունեության ըստ արժանվույն ներկայացումը սերունդներին:
Ն. Սարգսյանն առանձնաբար անդրադարձել է 2015 թվականին ՀՀ քաղաքաշինության նախարարության 2 կարևոր նախաձեռնություններին, ավստրիացի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկու Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան երկհատոր աշխատության երկրորդ հատորի թարգմանության գործում ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտին աջակցություն ցուցաբերելուն, ինչպես նաև՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հետ համատեղ (ղեկավար՝ Սամվել Կարապետյան)՝ Արևմտյան Հայաստանի տարածքում 1915 թվականից հետո ոչնչացված հայ ճարտարապետական ժառանգությանը վերաբերող Եղեռն Եղեռնից հետո վերնագիրը կրող փաստավավերական գրքի հրատարակությանը: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն