Միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում՝ նվիրված 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերին


Միջոցառում ԱՄՆ Կոնգրեսում՝ նվիրված 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերին

  • 13-02-2015 19:02:24   | ԱՄՆ  |  Քաղաքական
Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ  Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել  է ԱՄՆ Կոնգրեսում Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի կողմից կազմակերպված միջոցառմանը՝  նվիրված 1988-1990 թթ. Ադրբեջանում տեղի ունեցած հայկական ջարդերին, ինչպես նաև հետագայում անկախ Արցախի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին սոցիալական, տնտեսական և այլ ոլորտներում:
 
«Լեռնային Ղարաբաղ: Հայկական ջարդերին հաջորդած սերունդը, խաղաղության հաստատման մարտահրավերն ու ժողովրդավարության զարգացումը»  վերնագրով միջոցառմանը  մասնակցել են նաև ՀՀ դեսպանության դիվանագետները, Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱՄՆ Կոնգրեսական Ֆրենկ Փալլոնը, այլ կոնգրեսականների գրասենյակների ներկայացուցիչներ, Ադրբեջանից նախկին հայ փախստականներ, լրագրողներ, Ամերիկայի հայկական համայնքի անդամներ:
 
Բացման խոսքով հանդես եկավ գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալլոնը իր ելույթում  դատապարտեց Ադրբեջանում հայ ազգաբնակչության ջարդերը, ընդգծեց ԼՂՀ անկախության ճանաչման անհրաժեշտությունը և Արցախին ամերիկյան օգնության շարունակական տրամադրման կարևորությունը:
 
Միջոցառման հիմնական բանախոսներն էին ամերիկահայ իրավաբան, նախկինում Բաքվից փախստական Աննա Աստվածատրյան-Տուրկոտը, ով անդրադարձավ Բաքվի հայերի ջարդերին ու հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոճրագործություններին, ինչպես նաև Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի դասախոս, դոկտոր Ալինա Դորյանը, որի  ելույթը նվիրված էր Արցախին տրամադրվող ամերիկյան օգնությանն ու ԼՂՀ  առողջապահության համակարգին վերաբերող մի շարք խնդիրներին: Կարճ ելույթներով հանդես եկան  նաև մի խումբ նախկին հայ փախստականներ:
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման ավարտին ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ընդգծելով ադրբեջանահայության նկատմամբ իրականացրած հանցագործության դատապարտման անհրաժեշտությունն ու Արցախի զարգացման կարևորությունը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական