Վայրի կենդանատեսակների և բուսատեսակների անօրինական առևտրի կանխարգելմանն ուղղված ուսուցողական սեմինար Երևանում


Վայրի կենդանատեսակների և բուսատեսակների անօրինական առևտրի կանխարգելմանն ուղղված ուսուցողական սեմինար Երևանում

  • 20-02-2015 14:42:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Համաձայն Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի
տվյալների՝ վայրի կենդանատեսակների անօրինական առևտուրը թրաֆիքինգից,
թմրամիջոցների վաճառքից և կեղծարարությունից հետո աշխարհում 4-րդ ապօրինի
բիզնեսի տեսակն է, որը համակարգվում և ղեկավարվում է գերշահույթի ստացման
նպատակով: Աշխարհում ապօրինի առևտրի են ենթարկվում բևեռային արջի մորթին,
թաթերը, սողունների կաշին, ռնգեղջյուրների կոտոշները, փղոսկրը, կատվազգիների
մորթին ու դրանց ածանցյալները, գիշատիչ թռչունները, թութակները և այլն: Վերջին
երեք տարիների ընթացքում ամբողջ աշխարհում փղոսկրի իրացման նպատակով
որսագողերի կողմից սպանվել է ավելի քան 100,000 փիղ, և միայն 2013թ.-ին՝ շուրջ 1,000
ռնգեղջյուր Հարավային Աֆրիկայում: Շատ զբոսաշրջիկներ, այլ երկրներից
հուշանվերներ գնելով, հաճախ տեղեկացված չեն որսագողերի ապօրինի
գործողությունների և վտանգված կենդանատեսակների մասին:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, ՀՀ
Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային
հիմնադրամի հետ համատեղ փետրվարի 23-ից 27-ը կազմակերպում է ուսուցողական
սեմինար Երևանում՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական
աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի դրույթների
կիրառման վերաբերյալ: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական
աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան (CITES, 1973)
կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների և բուսատեսակների արտահանումը,
վաճառքը կամ փոխանակումը երկրների միջև: Կոնվենցիային անդամակցում են 180
երկրներ, Հայաստանի Հանրապետությունը՝ 2009թ. հունվարի 21-ից: Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամն իրականացրել է
մասնագիտական զարգացման սեմինարներ Միջին Արևելքում, Հյուսիսային
Աֆրիկայում, Կարիբյան և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ԱՊՀ
երկրների տարածքում և այլուր:
ՀՀ-ում հնգօրյա սեմինարն ընդգրկում է տեսական դասընթացներ և գործնական
պարապմունքներ ՀՀ մաքսակետերում և նախատեսված է վայրի կենդանատեսակների և
բուսատեսակների արտահանման և ներմուծման գործընթացի հետ առնչվող բոլոր
պետական հաստատությունների աշխատակիցների համար (ՀՀ Բնապահպանության
նախարարություն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Ֆինանսների
նախարարություն, Երևանի կենդանաբանական այգի և այլն)` ուղղված վերջիններիս
գիտելիքների ավելացմանն ու մասնագիտական կարողությունների զարգացմանը:
 
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի
բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության,
բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է
գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի
գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների
նվազեցմանը, որը նախապայման է Հայաստանի դրական զարգացման:
 
Հարցերի համար կարող եք դիմել Սյուզաննա Պետրոսյանին.
syuzanna.petrosyan@fpwc.org, 010 555209, 077933772
Լրացուցիչ տեղեկատվության աղբյուրներ՝
http://www.ifaw.org/united-states
www.fpwc.org
www.mnp.am 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play