Երեւանում կներդրվի բազմաբնակարան շենքերի կառավարման նոր մոդել<br />


Երեւանում կներդրվի բազմաբնակարան շենքերի կառավարման նոր մոդել

  • 14-01-2011 19:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բազմաբնակարան շենքերի կառավարման, շահագործման եւ սպասարկման ռազմավարական ծրագրի հիմնական մոտեցումները ձեւակերպելու եւ հստակեցնելու նպատակով հունվարի 14-ին Երեւանի քաղաքապետարանում կազմակերպվել էր աշխատանքային քննարկում, որին մասնակցում էին համատիրությունների նախագահներ, ոլորտի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների եւ կառավարության կողմից ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի ներկայցուցիչներ: Քննարկումը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրել է վերոնշյալ հարցի մասով քաղաքապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը, համաձայն որի պետք է պետականորեն աջակցել եւ խրախուսել համեմատաբար արդյունավետ աշխատող համատիրություններին` միաժամանակ բարեփոխելով շենքների կառավարման գոյություն ունեցող համակարգը: Նշվել է, որ կառավարության նախաձեռնած հնգամյա ռազմավարական ծրագրով նախատեսվում է շենքերի կառավարման նոր մոդելի ձեւավորում: Ըստ այդմ, օրենքով սահմանված կարգով, յուրաքանչյուր շենքում սեփականատերերի ժողովը կընտրի կառավարիչ, ով կունենա առեւտրային գործունեությամբ զբաղվելու իրավասություն: Վերջինը պարտավոր է հոգ տանել շենքի նորոգման եւ սպասարկման համար, իսկ այդ նպատակով օգտագործվելիք միջոցները կգոյանան ինչպես վարձավճարների հավաքագրումից, այնպես էլ բազմահարկ շենքի ընդհանուր բաժնային սեփականության արդյունավետ բիզնես կառավարումից: Բնակֆոնդի կառավարման նոր մոդելի ներդրումը ենթադրելու է օրենսդրական փոփոխություններ: Ներկայացվող ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ` հիմնված մՀայաստանում կատարված ուսումնասիրությունների եւ Արեւելյան Եվրոպայի երկրների փորձի վրա: Կ.Արեյանն ընդգծել է, որ թեեւ բնակֆոնդի պահպանումն ու վերանորոգումը բնակարանների սեփականատերերի պարտականությունն է, այնուամենայնիվ առաջարկվող ծրագրով նախատեսվում է նաեւ պետական աջակցություն, որոնք կլինեն նպատակային լրավճարների տեսքով: Ծրագրի իրականացման մեկնարկը կտրվի արդեն այս տարվանից, ընդ որում արդեն նախատեսված են 2011-2012թթ.-ին միանվագ պետական ֆինանսավորմամբ շենքերի ենթակառուցվածքների վերականգնման միջոցառումներ: Պետական սուբսիդավորման մեխանիզմը կներդրվի 2014թ.-ից: Համաձայն ծրագրի, նախատեսվում է ներդնել նաեւ բնակարանային նպաստի ծրագիրը, որը կհատկացվի սոցիալապես անապահով խավերին: Ըստ Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, համատիրությունների նախագահները ծրագրի վերեբերյալ ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնց մասով փոխքաղաքապետը տվել է պարզաբանումներ: Նա համատիրությունների նախագահներին ու հասարակական կազմակերպություններին հորդորել է լինել ակտիվ եւ գրավոր առաջարկություններ ներկայացնել հարցի վերաբերյալ: Վերջնական շտկումներից հետո, Բնակելի ֆոնդի կառավարման ռազմավարական ծրագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play