Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ.-ի օրացույցներ<br />


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ.-ի օրացույցներ

  • 14-01-2011 15:56:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԷՋՄԻԱԾԻՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել 2011թ.-ի օրացույցներ: Այս տարի լրանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական օրացույցի տպագիր հրատարակության 145-րդ տարին: Այն իր մեջ բովանդակում է եկեղեցական տարվա մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները: 2011թ.-ի պաշտոնական օրացույցը կազմել են Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը եւ Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Օրացույցի վերջում զետեղված են տեղեկություններ Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետական աթոռների եւ թեմերի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության եւ պաշտոնեության վերաբերյալ: Հրատարակչական բաժնի կողմից լույս է տեսել նաեւ 2011թ.-ի սեղանի օրացույց: Ամենօրյա ժամատախտակներին զուգահեռ այն բացատրություններ է տալիս բոլոր տոների եւ սրբոց հիշատակության օրերի մասին: Այս տարի Մայր Աթոռը հրատարակել է նաեւ օրացույց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրաչյա Ռուխկյանի նկարներով: 1960-ական թթ.-ին երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ օժանդակությամբ Հ.Ռուխկյանը ստեղծել է Հայաստանի պատմական եկեղեցիների շուրջ 120 պատկերներ, որոնցից լավագույնները զարդարում են այս օրացույցի էջերը:
Նոյյան տապան  -   Հասարակություն