Մեկնարկեց ամենամյա «Այբ» ուսուցչական համաժողովը


Մեկնարկեց ամենամյա «Այբ» ուսուցչական համաժողովը

  • 20-03-2015 16:37:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Ինչպես անել, որ բոլոր աշակերտներին, անկախ իրենց ընտանիքից և շրջապատից, դաստիարակված մարդ դառնալու հավասար հնարավորություններ ընձեռենք». այս գլխավոր հարցադրումով այսօր մեկնարկեց «Այբ» ուսուցչական երկօրյա համաժողովը, որի նպատակն է յուրաքանչյուր տարի վերհանել ու քննարկել կրթությանը վերաբերող արդիական հարցերը:
 
Համաժողովն ուղղված է մի կողմից աջակցելու դպրոցների առաջխաղացմանը, մյուս կողմից՝ ուսուցիչներին զարգանալու հնարավորություն ընձեռելու:
 
Համաժողովին մասնակցում է ավելի քան 120 ուսուցիչ, ադմինիստրատիվ աշխատակից և դպրոցների ղեկավար, ում անմիջական աշխատանքն է սերմանել արժեքներ և ազդել վարքագծի ձևավորման վրա:
 
Ուսուցիչներին հանդիպելու են նաև տարբեր ոլորտներում հաջողակ ղեկավարներ և գործարարներ, ովքեր հանձինս իրենց աշխատակիցների, ըստ էության, դպրոցական դաստիարակության սպառողներից մեկն են և մեծ ցանկություն ունեն հաղորդակից դարձնելու դպրոցի ուսուցիչներից իրենց ակնկալիքներին:
 
«Պետք է սովորենք ցանկացած երեխայի համար պայքարել, փորձել այնպիսի համակարգ ունենալ դպրոցում, որի շնորհիվ ամենաթույլ աշակերտը ևս առաջխաղացում կունենա: Պետք է սկսենք ուսուցչի աշխատանքը գնահատել ոչ թե ամենափայլուն աշակերտներով, այլ ամենավատ աշակերտի առաջխաղացումով»,- բացման խոսքում նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
 
Համաժողովի գլխավոր հարցադրումներից է նաև այն, թե արդյո՞ք ուսուցչի գործն է նաև դաստիարակելը, և թե ինչպիսի մասնագիտական և բարոյական  հմտություններ պետք է ունենա աշակերտի դաստիարակության համար պատասխանատու ուսուցիչը:
 
«Այբ» դպրոցի ռուսաց լեզվի ավագ ուսուցչուհի Գայանե Մարկոսյանի համոզմամբ՝  դպրոցն է կայացնում անձին, և եթե այն դրան չի ծառայում, հետզհետե դպրոցի կարիքը կվերանա, քանզի գիտելիք հայթայթելու շատ այլ հնարավորություններ գոյություն ունեն:  
 
«Հաշվի առնելով հազարամյակների մարտահրավերները և տեղեկատվության ահռելի պաշարները, որ թափվում են աշխարհի տարբեր ծայրերից, պետք է այնպիսի մարդ ձևավորել, ով, նախ, ինքնապաշտպանական բնազդ կունենա և պատրաստ կլինի դիմակայելու այդ մարտահրավերներին»,- հավելեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, «Այբ» դպրոցի պարի ուսուցիչ Գագիկ Գինոսյանը:
 
Նշենք, որ «Այբ» ուսուցչական համաժողովը այս անգամ ևս անցկացվել է միայն «Այբ» հիմնադրամի կողմից ղեկավարվող դպրոցների ուսուցիչների և աշխատակիցների համար: Համաժողովի միջոցով հիմնադրամը նպատակ ունի կրթական ոլորտի արդի խնդիրները բերել հետաքրքիր և հարստացնող քննարկումների դաշտ, որտեղ տարակարծություններն օգնում են ստանալ խնդրի խորության և ծավալայնության իրական պատկերը:
 
Այս համաժողովի նպատակներից է նաև նախապատրաստվել աշնանը ծրագրված ավելի մեծ համաժողովին, որը բաց կլինի նաև կրթական այլ  հաստատությունների ու կազմակերպությունների համար և կկազմակերպվի Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում:
 
Տեղեկանք «Այբ» կրթական հիմնադրամի մասին
 
«Այբ» կրթական հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին: Իր 9-ամյա երկարատև գործունեության ընթացքում հիմնադրամը կյանքի է կոչել մի շարք կարևոր ծրագրեր, ինչպիսին են «Այբ» դպրոցը, Հայաստանի տարբեր քաղաքներում գործող «ԱյբԼաբ»-երը, միջազգային դպրոցական մրցույթներն ու մրցաշարերը («Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու», «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար»), Դիլիջանի կենտրոնական դպրոցը, առարկայական խորացված դասընթացները։
 
2014 թ.-ին «Այբ» կրթական հիմնադրամը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, սկսեցին լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play