Ստեփանավանի 43 ընտանիքների հանձնվել է նոր բնակարանների հավաստագրեր<br />


Ստեփանավանի 43 ընտանիքների հանձնվել է նոր բնակարանների հավաստագրեր

  • 29-12-2010 19:34:00   | Հայաստան  |  Հասարակություն
ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 1988թ. աղետալի երկրաշարժի հետեւանքով բնակարան կորցրած 43 ընտանիքների դեկտեմբերի 29-ին Ստեփանավանի քաղաքապետարանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնեց իրենց նոր բնակարանների հավաստագրերը: Նրանց մեկ, երկու, երեք եւ չորս սենյականոց բնակարաններ են հատկացվել Ստեփանավանի Ձախափնյա թաղամասի նորակառույց բազմաբնակարան շենքերում: Բնակարանամուտին Տ.Սարգսյանը երկու ընտանիքների նվիրել է համակարգիչ, իսկ երկուսին էլ` հեռուստացույց: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բազմաբնակարան այդ շենքերը երկրաշարժից հետո սկսել էին կառուցել ռուս շինարարները, սակայն շինարարությունը կիսատ էր մնացել: 2009թ. նոյեմբերին համայնքային սեփականություն հանդիսացող այս կիսակառույց շենքերը հատկացվեցին պետությանը, եւ պետբյուջեի միջոցներով շարունակվեցին կիսակառույցների ամրացման եւ շինարարական հետագա աշխատանքները: Տ.Սարգսյանի հաջորդ կանգառը Ստեփանավանի Վահան Թեքեյանի թիվ 6 միջնակարգ դպրոցն էր, որտեղ «Լինսի»-ի հիմնադրամի միջոցներով կառուցվող նոր մասնաշենքում լինելու է մարզադահլիճ եւ հանդիսությունների սրահ: Վարչապետը տեղում ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին:
Նոյյան տապան  -   Հասարակություն