Հայ քննիչների կողմից լիարժեք քննություն հնարավոր էլ չի իրականացնել՝ երբ Պերմյակովը չի գտնվում Հայաստանի իրավազորության ներքո.Երվանդ Վարոսյան


Հայ քննիչների կողմից լիարժեք քննություն հնարավոր էլ չի իրականացնել՝ երբ Պերմյակովը չի գտնվում Հայաստանի իրավազորության ներքո.Երվանդ Վարոսյան

  • 30-03-2015 13:53:33   | Հայաստան  |  Հարցազրույցներ
 
lragir.am-ի  զրուցակիցն է Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երվանդ Վարոսյանը

 

Ռուսաստանի Պետդումայի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Պերմյակովի դատը տեղի է ունենալու ՀՀ տարածքում, և դա այն է, ինչ խնդրում է հայ ժողովուրդը։ Արդյոք դա այն է, ինչ պահանջում էր հայ ժողովուրդը, և ինչ ունենք այս պահին այդ գործով։

 

Մենք ոչ մեկից խնդրելու բան պիտի չունենայինք էլ։ Մենք ուղղակի առաջին օրը պիտի աշխատեինք այնպես, ինչպես պետք էր։ Այսինքն պետական որոշակի մարմինները, մասնավորապես, ոստիկանությունը պիտի աշխատեր, ոչ թե խոսեր լրագրողների հետ, մինչև որ Պերմյակովը հայտնվեց ռուսական ռազմակայանում։ Մենք ոչ մեկից ոչինչն չպետք է խնդրեինք։

 

Դեպքից երեք ամիս է անցել, այդ ժամանակը բավարար չէ՞ր, որ հանրությունը գոնե որոշակի տեղեկատվություն ունենար գործի վերաբերյալ, ոչ թե այն կցկտուր լուրերը, որ կան այսօր։

 

Որոշակի տեղեկատվություն մենք էլ ենք փորձում տալ, հատկապես փորձագետի եզրակացությունների հետ կապված, բայց մենք տեղեկություններ ունենք միայն ՀՀ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործից։ Իսկ թե ինչ է կատարվում ռուսական կողմում, ինչ են քննում, որտեղ է այդ քննությունն իրականացվում, մենք տեղեկություններ չունենք, հետևաբար գնահատականներ տալ չենք կարող։

 

Ինչպե՞ս եք գնահատում հայ քննիչների կատարած աշխատանքը։ Որքանո՞վ նրանք ունեն բավարար իրավունքներ՝ այս մասով քննություն իրականացնելու համար, թե՞ այստեղ գործի քննության առումով դոմինանտը ռուսական կողմն է։

 

Հայ քննիչների կողմից լիարժեք քննություն հնարավոր էլ չի իրականացնել, այն պայմաններում, երբ Պերմյակովը չի գտնվում Հայաստանի իրավազորության ներքո։ Իսկ այն, թե հայ քննիչների կատարած նախաքննությունն ինչ որակի է, ինչ արդյունքներ կտա, դրանով ինչ հարցերի պատասխաններ հնարավոր կլինի ստանալ, այդ մասին համապարփակ գնահատական կտրվի նախաքննության ավարտից հետո։ Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ հայ քննիչների կողմից որևէ խոչընդոտի մենք չենք հանդիպել։

 

Վերջերս դուք՝ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչներդ, ասուլիս տվեցիք և որոշակի տեղեկատվություն տրամադրեցիք։ Դրանից հետո ձեր հաջորդ գործողությունները որո՞նք են լինելու։

 

Դա կախված կլինի քննության ընթացքից։ Դեռ կան փորձագետի կարևոր եզրակացություններ, որոնք դեռ պիտի ստացվեն։ Դրանք ստանալուց հետո որոշակի հարցեր կունենան իրենց պատասխանները, եթե մնան անպատասխան հարցեր, ըստ դրանց էլ մենք մեր մարտավարությունը կորոշենք։

 

Ասուլիսում նշվել էր, որ հագուստի վրա հայտնաբերված և Պերմյակովի քրտինքը խմբային պատկանելությամբ համընկնում է, սակայն դատագենետիկ փորձաքննությամբ կպարզվի՝ արդյոք այդ հագուստը եղե՞լ է Պերմյակովի հագին, թե ոչ։

 

Քանի դեռ չի ստացվել գենետիկ փորձաքննության եզրակացությունը, կարծում եմ, վաղ է դրա մասին խոսել։ Երբ որ ստացվի այդ եզրակացությունը, արդեն ակնհայտ կլինի՝ այդ հագուստը եղել է կոնկրետ այդ անձի վրա՞, թե նույն արյան խումբ ունեցող մեկ այլ անձի վրա։

 

Կարո՞ղ եք այսօր փաստել, որ Պերմյակովի հոգեկան խանգարում ունենալու, օլիգոֆրենիկ լինելու լուրերն արդեն հերքվում են։

 

Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, կարծում եմ, որ դա էլ պիտի համապատասխան փորձագետի գնահատման արժանանա։ Այդ հարց պատասխանը ճիշտ կլինի տա ոչ թե իրավաբանը, այլ համապատասխան փորձագետը, որպեսզի այն լինի համապարփակ և վերջնական։

 

Եթե այս դեպքն առնչություն չունենար ռուսական ռազմակայանի զինծառայողի հետ, գործը բացահայտված կլինե՞ր։ Արդյոք Ռուսաստանն այս առումով արգելքներ չի դնում Հայաստանի վրա և արդյոք ուք այս առումով չունեք մտահոգություններ։

 

Այստեղ միանշանակ ասել, որ տեղեկատվություն չենք ստանում, որովհետև մեղադրյալը ռուսական ռազմակայանի զինծառայող է, չենք կարող։ Ցանկացած գործով էլ նախաքննությունը գաղտնի է լինում։ Ինչ վերաբերում է նախաքննության արդյունավետությանը, ապա մեր քննչական մարմինը որքան էլ ցանկանա, լիարժեք արդյունավետ քննություն իրականացնելուց զրկված է։

 

Զարուհի Փոստանջյանի նամակին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պատասխանում է, բայց չի պատասխանում ՀՀ գլխավոր դատախազի նամակին։ Իրավական առումով հնարավո՞ր է, որ երեք ամիս ուշանա պատասխանը, ինչո՞ւ մինչև այժմ չկա այդ պատասխանը։

 

Ցավոք սրտի, այստեղ ժամկետային սահմանափակում չկա, թե երբ պիտի ՌԴ գլխավոր դատախազը պատասխանի։ Գուցե իրենց համար դժվար է պատասխանել, չեմ կարող ասել, թե ինչու մինչև հիմա չեն պատասխանում, կամ առնվազն ես որևէ պատասխանի ստացվելու մասին տեղեկություն չունեմ։ Սակայն, այնուամենայնիվ, այդ գրագրությանը և բովանդակային առումով, և ժամկետների առումով, այս պահին չենք ցանկանում անդրադառնալ։ Դրան կանդրադառնանք այդ գրագրության ավարտից հետո, երբ մեզ համար պարզ կլինի, թե կոնկրետ ինչ բովանդակությամբ գրություն է ուղարկվել և ինչ բովանդակությամբ պատասխան ստացվել։

 

Ավետիսյանների հարազատները պնդում են, որ սա մեկ մարդու ձեռքի գործ չի կարող լինել։ Ձեր կարծիքով, մեկ հոգին կարո՞ղ էր նման լայնամասշտաբ սպանդ իրականացներ և տարածքում ոչ ոք լսեր ձայնը։

 

Դեռ շուտ է դրա վերաբերյալ վերջնական գնահատական տալ։ Ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, մեր Քննչական կոմիտեում իրականացվող քննության  շրջանակներում նշանակված փորձագետի բոլոր եզրակացությունների ուսումնասիրությամբ գոնե այդ հարցի պատասխանը կունենանք։

 

Իսկ Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, դա մեկ մարդու ձեռքի գործ լիներ, դատելով այն փաստերից, որ ունենք։

 

Այս պահի դրությամբ առկա փաստերով դա չի բացառվում, բայց այդ հարցին լիարժեք պատասխանել տալ այս պահին անհնար է։

 

Այս օրերին շատ քննադատվեց 133/3 տարածքը Ռուսաստանին հանձնելու հանգամանքը։ Կարծում եք, որ սա ճիշտ և ժամանակին արված քա՞յլ էր, հաշվի առնելով, որ կա Պերմյակովի գործը, հանրության մոտ կան դեռ անպատասխան հարցեր։

 

Դա ավելի շատ քաղաքական բնույթի հարց է, ես չգիտեմ, թե որքանով է ճիշտ որպես փաստաբան այդ հարցին պատասխանել, ուստի պատասխանեմ որպես քաղաքացի։ Ինձ մի երկրի ցանկացած տարածք որևէ այլ երկրի իրավազորության տրամադրելը դուր չի գալիս։

 

Եթե այս գործում տեսնեք որոշակի բացեր կամ խնդիրներ, որքանո՞վ եք արագ արձագանքելու, հասարակությանը ներկայացնելու, որ կան խնդիրներ։ Հասարակությունը որքանո՞վ կարող է ակնկալել անաչառ տեղեկություններ ու գնահատականներ այդ մասով։

 

Քննություն իրականացնողը մենք չենք, բայց գնահատական, իհարկե, կտանք։ Օրենքով մեր ունեցած լիազորությունների շրջանակում կփորձենք ամեն ինչ անել, որպեսզի քննությունն ընթանա այնպես, ինչպես պիտի ընթանա, իսկ խնդիրների առկայության պայմաններում հանրություն, իհարկե, պիտի տեղեկանա այդ խնդիրների մասին։

 

Ես կարծում եմ այդ հարց պատասխանը ճիշտ կլինի տա ոչ թե իրավաբանը, այլ համապատասխան փորձագետը, որպեսզի այն լինի համապարփակ և վերջնական:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play