ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում տեղի կունենան «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով քննարկումներ


ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում տեղի կունենան «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով քննարկումներ

  • 01-04-2015 19:07:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀԲԸՄ 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում տեղի կունենան «ՀԲԸՄ զրույցներ» խորագրով քննարկումներ՝ հեղինակավոր բանախոսների մասնակցությամբ
 
«ՀԲԸՄ զրույցներ»-ը կմեկնարկեն ապրիլի 1-ին Երևանի «Այբ» դպրոցում
 
#AGBUtalks՝ «ՀԲԸՄ զրույցներ»-ը 88-րդ Ընդհանուր ժողովի կարևոր միջոցառումներից են: «ՀԲԸՄ զրույցներ»-ի նպատակն է ստեղծել ընդհանուր քննարկման հարթակ, որը մասնակիցներին կոգեշնչի և կներգրավի ազգի զարգացման շուրջ գաղափարներ և ծրագրեր առաջարկելու ու դրանց իրագործման ուղիներ մշակելու մեջ: «ՀԲԸՄ զրույցներ»-ի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի և արտասահմանի խոշոր կրթական հաստատությունների, հիմնադրամների, պետական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
«ՀԲԸՄ զրույցներ»-ի բազմաբովանդակ և ինտերակտիվ քննարկումներին կարող են միանալ ՀԲԸՄ Ընդհանուր ժողովի մասնակիցներն ու նախապես գրանցված հայաստանաբնակ հետաքրքրված ու շահագրգիռ անձինք:
 
Քննարկումների թեմաներն են՝ «Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում», «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» և «Հայության միջազգային դիրքերի ամրապնդում»: «ՀԲԸՄ զրույցներ»-ը կոչված են խթանելու մասնակիցների ներգրավվածությունը երկրի կարևորագույն մարտահրավերների հաղթահարման գործում և ստեղծելու ակտիվ երիտասարդների ու փորձագետների առավել միասնական ցանց:
 
«Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում» թեմայով առաջին քննարկման ընթացքում մասնակիցներն ու բանախոսները կանդրադառնան առկա խնդիրներին ու համահայկական ներուժի զարգացման հեռանկարներին: Որպես գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ՝ քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի տեղացի ու սփյուռքահայ մասնակիցների համար՝ ամրապնդելով կապը հայրենիքի հետ: Այս միջոցառումով ՀԲԸՄ-ն կարևորում է կրթության դերը ու Միության կողմից իրականացված բազմաթիվ կրթական ծրագրերը՝ ավելի հզոր ու մրցունակ մարդկային ներուժ ձևավորելու գործում:
 
Առաջին քննարկման բանախոսներն են «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայր Մեսրոպ քհն. Արամյանը, ՀԲԸՄ փոխնախագահ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, ՀԱՀ նախագահ Արմեն Տեր Կյուրեղյանը, Հայաստանում «Նեյշնլ ինսթրումենթս»-ի գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը և Հայաստանում Microsoft-ին երկայացուցչության տնօրեն Եվա Հյուսյանը:
 
ՀԲԸՄ-ն շարունակաբար փորձագիտական և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում կրթության զարգացմանը Հայաստանում՝ նպաստելով ժամանակակից ու արդիական կրթական հաստատությունների և այլընտրանքային ուսումնական միջավայրերի ստեղծմանը: Իր գործունեության ընթացքում ՀԲԸՄ-ն օժանդակել է բազմաթիվ կրթական ծրագրերի իրականացմանը՝ երիտասարդ սերնդին տրամադրելով գիտելիք ու հմտություններ և հզորացնելով աշխատուժը Հայաստանում ու Արցախում:
 
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) (www.agbu.org) սփյուռքի հնագույն, համաժողովրդականև համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:
 
ՀԲԸՄ ծրագրերի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.agbu.org.
 
88-րդ Ընդհանուր ժողովի միջոցառումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Տաթևիկ Ավետիսյանին [email protected] էլ-փոստի հասցեով կամ 055 992 245 հեռախոսահամարով:
 
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչություն՝ [email protected]/ +374 (0) 10 512 251 / www.agbu.am.
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play