ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագը


ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագը

  • 04-04-2015 21:40:51   | Հայաստան  |  Մշակույթ

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում ապրիլի 4-ին, առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ մատուցվեց  Ճրագալույցի Ս. Պատարագ: Միջոցառմանը  ներկա էին   ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: Պատարագի ընթացքում հայր սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ: 
Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում ի լուր աշխարհի տրվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
 
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան հայարպետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն:Արարողության ավարտին ներկաները օրհնված սեղանի շուրջ գինով լի գավաթներով շնորհավորեցին միմյանց եւ տոնը խորհրդանշող Զատկի ձվեր կռվեցրին: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին  Տիրոջ լույսն ու Հարության լուրը փոխանցելու:
 
Ստանալով Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը՝ թեմի երիտասարդները արդեն երկրորդ անգամ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Հազարավոր հայորդիներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա խաչի տեսքով կանգնելով՝ նրանք Սուրբ Հարության Ավետիսը տվեցին: Երթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների երիտ. թևերի, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, զինվորներ, ոստիկանական ակադեմիայի սաներ:
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Նյութը եւ լուսանկարները՝  Մերի Հունանյանի, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play