Ավարտվել են «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգման և մաքրության ապահովման աշխատանքները


Ավարտվել են «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգման և մաքրության ապահովման աշխատանքները

  • 11-05-2015 17:33:55   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայրաքաղաքում ընթացող կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման աշխատանքների շրջանակում մայիսի 9-ին ընդառաջ ավարտվել են «Հաղթանակ» զբոսայգու բարեկարգման, մասնավորապես ասֆալտբետոնե ծածկի ընթացիկ նորոգման, սալիկների և եզրաքարերի նորոգման, գլխավոր ճեմուղու արտաքին երկկողմանի լուսավորության վերականգնման, կանաչ տարածքների խնամքի և մաքրության ապահովման աշխատանքները: Կարևորելով մայրաքաղաքում կանաչ տարածքների պահպանումն ու քաղաքապետարանի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել և էլ ավելի ակտիվացնել դրանք՝ մշտական հսկողության տակ պահելով անտառային գոտիները, անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ աշխատուժ:
«Այս տարի մենք մայրաքաղաքի համար կարևոր նշանակության երկու մեծ աշխատանք իրականացրեցինք: Խոսքս Հաղթանակ զբոսայգում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում իրականացված աշխատանքների մասին է: Ինչպես բազմից եմ նշել՝ մեր նպատակը Երևան քաղաքն ավելի կանաչ ու ծառապատ տեսնելն է, և նկատենք, որ վերջին տարիների դրական տեղաշարժն ակնհայտ է, ու վստահորեն կարող ենք փաստել, որ այս ուղղությամբ արդյունքներն արդեն շոշափելի են: Ժամանակ առ ժամանակ որոշ անձանց կողմից հնչեցվող մեկնաբանությունները տպավորություն են ստեղծում, թե մայրաքաղաքի կանաչապատման համար հատկացվող միջոցներն ուղղվում են միայն ծաղկապատմանը, մինչդեռ ծաղկապատումը ընդհանուր կանաչապատման ընդամենը 5 տոկոսն է կազմում: Ըստ այդմ, հանրությանը հանգամանալից ներկայացրեք կանաչապատման տարբեր ուղղություններով կատարված և այսօր էլ ընթացող  բոլոր ծրագրերն ու աշխատանքները», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքի փողոցների, հրապարակների, զբոսայգիների ու պուրակների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունների վերացման աշխատանքների հետ կապված «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ գույքագրումից հետո շուրջ 400 լամպ փոխարինվել է նորերով: Աշխատանքները լինելու են շարունակական: Հանձնարարվել է հատուկ հսկողություն սահմանել մասնավոր ընկերությունների կողմից շահագործվող տարածքների լուսավորության անխափան ապահովման ուղղությամբ: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play