ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է գերմանական KfW բանկի ներկայացուցիչներին

  • 11-05-2015 17:58:40   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է գերմանական KfW բանկի հայաստանյան ծրագրերի ղեկավար Եվա Վիթթի գլխավորած պատվիրակությանը:
 
Բարձր գնահատելով KfW բանկի գործունեությունը Հայաստանում և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը` նախարարն ընդգծել է, որ մասնավորապես ոռոգման և խմելու ջրի ոլորտներում առկա է  նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն:
 
«Ոռոգման խնդիրը գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, և թեև վերջին տարիներին KfW բանկի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է ջրամատակարարման ոլորտում հասնել բավական լավ արդյունքների, սակայն կարևոր է շարունակել համատեղ ծրագրեր իրականացնել այս ուղղությամբ` ավելի մեծ հաջողություններ գրանցելու նպատակով», – նշել է նախարարը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են KfW բանկի կողմից Հայաստանում իրականացվող ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրերը, այդ թվում` Կապսի ջրամբարի վերակառուցումը, ինչը հնարավորություն կընձեռի ավելացնել Շիրակի մարզի հողօգտագործողների ոռոգման ջրի պահանջարկի բավարարման ծավալները: 
 
Սերգո Կարապետյանն առաջարկել է բանկի ներկայացուցիչներին ուսումնասիրություններ կատարել և քննարկել բանկի ծրագրերում Մաստարայի ջրամբարի կառուցման խնդրի ընդգրկման հնարավորությունը, ինչին ի պատասխան KfW բանկի ծրագրերի ղեկավարը տեղեկացրել է, որ հարցի քննարկումը հնարավոր կլինի միայն Հայաստանում ստորգետնյա և մակերեսային ջրերի օգտագործման վերաբերյալ լիարժեք ուսումնասիրությունների արդյունքում:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ մշակվել են մեխանիզմներ KfW բանկի աջակցությամբ ՀՀ-ում գյուղատնտեսության ապահովագրական համակարգ ստեղծելու նպատակով: Համատեղ քննարկումների արդյունքում նպատակահարմար է համարվել ստեղծել ապահովագրական հարցերով զբաղվող կազմակերպություն:
 
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Սերգո Կարապետյանը նշել է, որ այս ուղղությամբ ևս ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը KfW բանկից ակնկալում է օժանդակություն:
 
Հանդիպմանը KfW բանկի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ բանկի ֆինանսավորմամբ Գերմանա-հայկական հիմնադրամի միջոցով Հայաստանում գործող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից գյուղատնտեսության   համար տրամադրվում են վարկեր: Ընդ որում, այդ ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է այդ նպատակի համար ստանալ ևս 15 մլն եվրո, որը նպատակաուղղված կլինի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից հատնում են՝ հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են հետագա համագործակցության պատրաստակամությունն ու համատեղ ծրագրերի շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունը:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play