Նոր անասնաշուկա՝ Սյունիքի մարզում


Նոր անասնաշուկա՝ Սյունիքի մարզում

  • 17-05-2015 09:13:33   | Սյունիքի մարզ  |  Տնտեսություն
Մայիսի 16-ին  ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկա էր Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայի բացմանը: Ներկա էին Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, ռազմավարական զարգացման գործակալության ղեկավար Մ. Այվազյանը, փոխմարզպետ Վ. Դավթյանը, Գորիս քաղաքային համայնքի ղեկավար Վ. Ադունցը, գյուղական համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչներ, ֆերմերներ:
Անասնաշուկան կառուցվել է ռազմավարական զարգացման գործակալության կողմից, որը ֆինանսավորում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը: Այն նպատակ ունի խթանել խոշոր եղջերավոր անասունների առևտուրը Սյունիքի տարածաշրջանում: 
Սյունիքի և Վայոց Ձորի տարածաշրջաններում գործող անասնապահական շուկան կառուցվել է <<Անասնապահության զարգացումը Հայաստանի հարավում>> նախագծի շրջանակներում: Այն հնարավորություն կտա ֆերմերներին բերել մեկ միասնական կազմակերպված շուկա և բարենպաստ պայմաններ ստեղծել կողմերի համար՝ իրականացնելու անասունների առքուվաճառքի առևտրային գործարքներ: Կկիրառվեն առևտուրը խթանելու ավելի նոր մեթոդներ, որոնք կնպաստեն ֆերմերների կարողությունների զարգացմանը` նրանց անընդհատ մատուցելով գործարար աջակցություն, տեղեկատվական խորհրդատվություն:
Անասնաշուկա-համալիրի տարածքում շրջայցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ադմինիստրատիվ-գործարար բաժնի, դեղանյութի և ագրովաճառակետ ցուցասրահների, հանրային սննդի սրահների հնարավորություններն ու նպատակային գործառույթները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վ. Տերտերյանը, խոսելով կատարված աշխատանքների մասին ,շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի կառավարությանը Հայաստանի Հանրապետությունում սոցիալական և զարգացման ուղղվածություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու համար` հավելելով. 
-Գնահատելի է նաև Սյունիքի մարզպետարանի հետևողականությունն ու ակտիվ համագործակցությունը, գյուղապետերի ճիշտ աշխատանքը, ինչի շնորհիվ աշխատանքները կատարվել են որով և ավարտվել նախատեսված ժամկետներում:
Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան L. Գասսերը նկատեց, որ Սյունիքը շատ նման է իր հայրենիքին` Շվեյցարիային:
-Ինձ համար մեծ հաճույք է լինել Սյունիքիում, որտեղ գեղեցիկ լեռներ կան, որտեղ ապրող մարդիկ հպարտ են և հայտնի են որպես լավ զինվորներ: Ես Սյունիքի և Շվեյցարիայի միջև մեծ նմանություններ եմ տեսնում. կարծում եմ իրականացվող ծրագրերը կխթանեն գյուղատնտեսության զարգացմանը: Մենք կշարունակենք համագործակցությունը, կիրականացնենք անասնապահության և գյուղմթերքի արտադրության խթանող ծրագրեր թիրախային 100 համայնքներում: Սյունիքի հաջող փորձը մեզ դրդեց ծրագիր սկսել նաև Վայոց ձորում: Շնորհավորում եմ բոլորիս անասնապահական շուկայի բացման կապակցությամբ,-ասաց դեսպանն իր խոսքում: 
Մարզպետ Ս. Խաչատրյանը, խոսելով անասնաշուկայի կարևորության մասին, նշեց.
-Անասնապահական շուկայի բացումն անկասկած դրական խթան կհանդիսանա տարածաշրջանում անասնապահության զարգացման համար, ուստի երախտիքի խոսք եմ ուզում փոխանցել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան, Նորին գերազանցություն պարոն Լուկաս Գասսերին: Շվեյցարիայի կառավարության և նրա ֆինանսական զորակցությամբ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող հումանիտար և զարգացման ծրագրերին նոր չէ, որ ծանոթանում ու գնահատում են սյունեցիները: Միայն վերջին հինգ տարիների ընթացքում իրականացվել են այնպիսի մեծածավալ ծրագրեր, ինչպիսիք են անասնապահության զարգացման ծրագրերը Գորիսի և Սիսիանի 40 համայնքներում , <<Շուկաներ Մեղրիի համար>>, <<Սոցիալական տուն աջակից պայմաններով>> ծրագրերը. վերջինիս արդյունքում Գորիսում փախստականների համար կառուցվեց 22 բնակարանոց շենք: Միայն նշված ծրագրերը կյանքի կոչելու համար ներդրվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը շարունակական բնույթ է ունենալու և դրա արդյունքում լուծում են ստանալու համայնքներում ծառացած բազում խնդիրներ:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play