2010թ.-ի 11 ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 1050 դեպքով աճել է հանցագործությունների թիվը<br />


2010թ.-ի 11 ամիսներին Հայաստանում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ 1050 դեպքով աճել է հանցագործությունների թիվը

  • 17-12-2010 17:48:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում կատարված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 12914` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 864-ի դիմաց: Ինչպես դեկտեմբերի 17-ին «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ Ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը, հանցագործությունների մոտ 8,8 տոկոսով կամ 1050 դեպքով աճը պայմանավորված է նրանով, որ ոստիկանությունում ակտիվացել է պայքարը լատենտային բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման, ինչպես նաեւ հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկան բացառելու ուղղությամբ: 100 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը հանրապետությունում կազմել է 433 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 399-ի դիմաց: Հանցավորության մակարդակը առավել բարձր է Երեւանում` 613, եւ Լոռվա մարզում` 436, իսկ առավել ցածր Գեղարքունիքում` 263, եւ Արագածոտնում` 293: Այս տարվա 11 ամիսներին 63 դեպքով աճել է առանձապես ծանր հանցագործությունների թվաքանակը` նախորդ տարվա 277-ից հասնելով 340-ի, եւ հակառակը` 70 դեպքով նվազել է ծանր հանցագործությունների թիվը` 4630-ից դառնալով 4560: 3-ական աճել են սպանության փորձերի եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված դեպքերը, իսկ սպանության դեպքերը նվազել են` 73-ից հասնելով 42-ի: Նույն ժամանակահատվածում 6 դեպքով աճել են կաշառակերության դեպքերը եւ կազմել 57: Նախորդ տարվա 11 ամիսների համեմատ կտրուկ նվազել է հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը` 92-ի դիմաց կազմելով 57: Հանցագործություններ կատարած անձանց թվում 254-ը օտարերկրացիներ են: Նույն ամիսներին կատարվել են հանցագործություններ 126 օտարերկրացիների նկատմամբ: Շուրջ 3 տոկոսով աճել է հանցագործությունների բացահայտումը: 2010թ.-ի 11 ամիսների տվյալներով ոստիկանության 64 աշխատակիցների նկատմամբ հարուցվել են 36 քրեական գործեր, որոնցից 10-ը դատապարտվել են:
Նոյյան տապան  -   Հասարակություն