«Արցախյան հակամարտությունը Ղրիմի հետ որևէ նմանություն չունի».Դանիել Իոաննիսյան


«Արցախյան հակամարտությունը Ղրիմի հետ որևէ նմանություն չունի».Դանիել Իոաննիսյան

  • 02-06-2015 16:30:01   |   |  Քաղաքական

Արևմուտքը, Արցախը և Ղրիմը։
 
Օրերս Ռիգայում կայացավ Արևելյան Գործընկերության երկրների գագաթնաժողովը, որի արդյունքներով ընդունված հայտարարության շուրջ եղան բազմաթիվ քննարկումներ և տարաձայնություններ:
 
Մասնավորապես, հիմնական տարաձայնությունները եղան Լեռնային Ղարաբաղի մասի վերաբերյալ, ուր ընդդիմացողը Ադրբեջանն էր և Ղրիմի վերաբերյալ, ուր ընդդիմացողը Հայաստանն ու Բելառուսն էին:
Ինչպես հայտնի է, Հայաստանն առաջին անգամ չէ, որ ընդդիմանում է Ռուսաստանի Ղրիմի բռնակցումը դատապարտող հայտարարություններին (դա սկսվեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում քվերակությունից):
Սա, թերևս զարմանալի չէ, քանի որ Հայաստանում և Արցախում շատերին Ղրիմի խնդիրը հոգեհարազատ է թվում: Մարդիկ այն նույնացնում են ԼՂՀ հիմնախնդրի հետ:
Բաքուն ու Ստեփանակերտը նույն կարծիքի՞ են
Ղրիմի և Ղարաբաղի խնդիրներն ամենաշատը նույնականացնում է պաշտոնական Բաքուն, որի պաշտոնական կարծիքն այն է, որ եթե չլիներ Արցախի անջատումը Ադրբեջանից, չէր լինի նաև Ղրիմի անջատումը Ուկրաինայից:
Եվ Ադրբեջանին այդ նույնացումը չափազանց ձեռնատու է, քանի որ Ղրիմի բռնակցման դեմ ամբողջ արևմուտքն է դուրս եկել, իսկ Արցախի անկախացման դեմ՝ ոչ:
Այս ֆոնին խիստ զարմանալի է դառնում այն, որ Արցախում տոնակատարություններ էին իրականացվում Ղրիմի անկախության հռչակման կապակցությամբ և բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարում էին, որ դա նախադեպ է Լեռնային Ղարաբաղի համար:  Սակայն եկեք հասկանանք, թե ինչ նախադեպի մասին է խոսքը և որքանով են Ղրիմի ու Արցախի խնդիրները համեմատելի:
Անհամեմատելիությունը
Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր զարգանում Արցախյան հակամարտությունը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ որոշմամբ՝ հռչակվեց ԼՂՀ անկախությունը, որը հաստատվեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեով:
Սակայն Սովետական Միությունը և ապա Ադրբեջանը, ում տարածքից անկախանում էր ԼՂՀ-ն, չհարգեցին արցախցիների ինքնորոշման իրավունքը և փորձեցին հարցը լուծել ուժով ու զենքով: Հայերս էլ ստիպված էինք զենքով պաշտպանել Արցախի իրավունքները:
Ի տարբերություն Արցախի՝ Ղրիմում ամեն ինչ սկսվեց ոչ թե ժողովրդի կամարտահայտամամբ, այլ ռուսական զորքերի ներխուժմամբ, որից հետո Ղրիմում փոխվեցին տեղական իշխանությունները և հայտարարեցին անկախության հանրաքվե անցկացնելու մասին, որից երկու շաբաթ հետո ռուսական զորքերի ներկայությամբ կայացավ այդ հանրաքվեն և Ղրիմը հռչակվեց Ռուսաստանի մաս:
Ի հեճուկս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարող Ղրիմի բնակիչների զգալի մասի (առավելապես 12 տոկոս թաթարների, 30 տոկոս ուկրաինացիների և ռուսների մի մասի) բոյկոտի, հանրաքվեն արձանագրեց 83 տոկոս մասնակցություն: Ընդ որում՝ որոշ քաղաքներ այնքան էին ուզում ինտեգրվել ՌԴ-ին, որ որոշ դեպքերում արձանագրում էին ավելի քան 120 տոկոս մասնակցություն:
Եվ զարմանալի չէ, որ ռուսական ավտոմատների փողի տակ նման արդյունքներ են արձանագրվում, քանի որ նույն ոգով անցնում են ներպետական ընտրությունները նույն Ռուսաստանում (այդ թվում` մինչև 146 տոկոս «Պուտինին կողմ» ձայների արդյունքներով):
Ի տարբերություն Արցախում հայկական ստորաբաժանումների՝ Ղրիմում ռուսական զորքերը հայտնվեցին հանրաքվեից առաջ (անգամ հանրաքվեի մասին որոշումից առաջ) և  այդ իսկ պատճառով արևմուտքը համարում է, որ տեղի ունեցածը սովորական օկուպացիա է և որևէ աղերս չունի ժողովրդի կամարտահայտման հետ:
Իսկ մեզ այդպիսի նախադեպ պե՞տք է
Ղրիմը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը բռնած և առավել ժողովրդավար Ուկրաինայից անցավ սակավ ժողովրդավար և ազգային հողի վրա սպանություններով լի Ռուսաստանին: Գործընթացի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց միջազգային ճնշումների տակ, կորցրեց իր տեղը «Մեծ ութնյակում», ընկավ պատժամիջոցների տակ և քաղաքականապես մեկուսացվեց:
Ղրիմի անկախությունը ճանաչեցին միայն Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան ու Սիրիան: Միաժամանակ, թվով ավելի քան 45 պետություններ հայտարարեցին, որ չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն, այդ թվում` ամբողջ Եվրոպան, ԱՄՆ-ն, Կանադան, Չինաստանը, «Մեծ ութնյակի» բոլոր անդամները՝ բացի ՌԴ-ից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները՝ բացի ՌԴ-ից:
Իսկ ահա Արևմուտքը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ, ինչը չափազանց բացասական ազդեց ՌԴ տնտեսության վրա:
Հազիվ թե մենք ցանկանանք, որ քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը մի օր հայտարարի, որ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պատժամիջոցներ կիրառի Հայաստանի դեմ, Արցախն էլ համարի բռնակցված:
Դատելով Եվրոպացի ու Ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններից, դա տեղի չի ունենում, քանի որ վերջիններս հստակ հասկանում են Ղրիմի ու Լեռնային Ղարաբաղի խնդիրների տարբերությունները: 
Տրամաբանական կլիներ, որ Ղրիմի բռնակցումը պաշտպանելու փոխարեն Հայաստանի ԱԳՆ-ն միջոցներ ձեռնարկեր, որ համաշխարհային հանրությունը հստակ հասկանար, որ Արցախյան հակամարտությունը Ղրիմի հետ որևէ նմանություն չունի:
 
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play