Կառավարությունը որոշումներ է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ


Կառավարությունը որոշումներ է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ

  • 04-06-2015 16:15:30   | Հայաստան  |  Տնտեսություն

Կհստակեցվի տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը
 
ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ուժը կորցրած ճանաչել ևս երեք որոշում: Նոր որոշումը թելադրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներով: Տրանսպորտային միջոցների հաշվառումը կարգավորող նորմերը սահմանված են տարբեր ժամանակ ընդունված մի քանի իրավական ակտերով, ինչը դժվարացնում է ինչպես քաղաքացիների կողմից դրանց կիրառումը, այնպես էլ հաճախ առաջանում են միևնույն գործընթացի տարաբնույթ կարգավորման դեպքեր: Նոր որոշման շնորհիվ կլուծվեն գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով պետք է կանոնակարգվեր «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կառավարական N 2 մասնաշենքում գտնվող շենքի նկուղային և առաջին հարկերը «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու գործընթացը: Նկատի առնելով, որ բաց են թողնվել որոշմամբ սահմանված ժամկետները և փոխվել է անշարժ գույքի հասցեն, կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է կատարել իր նախկին երկու որոշումներում: 
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ սահմանված ժամկետը եկող տարվա գարունն է, բայց մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին, երբ համալրված կլինի գույքով:
Լրացում կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներառյալ ներդրված դրամական ավանդների փոխհատուցման համար ամեն ամիս կնախատեսվեն որոշակի ֆինանսական միջոցներ:
 
 
Կգործի բիզնեսի աջակցության հստակ համակարգ
 
ՀՀ կառավարությունը չորս որոշում է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ:
Առաջին որոշմամբ հստակեցվել են բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև դրանց փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների կատարման ժամկետները: Սահմանվել է նաև համայնքների քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութ պարունակող սարքեր փոխադրելու արտոնագիր կամ թույլտվություն կարելի է տրամադրել միայն իրավաբանական անձանց: Ընդ որում, արտոնագրի տրամադրման պահանջներից հանվել է տվյալ գործունեությամբ զբաղվելու մասնագետների որակավորման պահանջը, կրճատվել ավելորդ վարչարարությունը, ժամանակը և փաստաթղթաշրջանառությունը:
Փաստաթղթաշրջանառության էական կրճատման է հանգեցնելու գործադրի մյուս որոշումը, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի մի շարք դրույթների: Փաստաթղթի մշակման ժամանակ հաշվի է առնվել զարգացած և զարգացող երկրների ընդօրինակելի փորձը:
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության,  ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա բիզնես գործընթացների վերաբերյալ Ազգային կենտրոնի առաջարկությամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով հաստատվել էին պետական գրանցման և պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալները, քանի որ այդ պահանջները սպառիչ սահմանված են համապատասխան օրենքով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play