Մանկության տոնը միավորել էր Արմավիրի և Արագածոտնի մարզերի մանուկներին


Մանկության տոնը միավորել էր Արմավիրի և Արագածոտնի մարզերի մանուկներին

  • 05-06-2015 15:46:27   | Հայաստան  |  Մանկական էջ
Սարդարապատը, Գետաշենը, Լեռնագոգը, Արագածավանը, Քարակերտը, Շենիկը, Վանանդը, Դալարիկը, Հացիկը և Արտենին մեկ հարկի ներքո էին հավաքվել: 
Հայաստանի մանուկներ հիմնադրամը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում հյուրընկալել էր Արմավիրի և Արագածոտնի մարզերի մանուկներին: 
Թատրոն, բասկետբոլ, ձյուդո, շախմատ, երգչախումբ, ազգագրական և ժամանակակից պարեր, նկարչություն, տիկնիկագործություն, լուսանկարչություն, ձեռագործություն, կավճանկարչություն… Մեծ հրապարակի ամեն անկյունը բոլոր մասնակիցներին առաջարկում էր յուրօրինակ ու հետքրքիր մի զբաղմունք: 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու համայնքների երեխաները նաև բեմին էին՝ ուրախ երգ ու պարով, իսկ մյուսները ձայնակցում ու շուրջպարի էին բռնվում միմյանց հետ: 
Հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը Երեխաների պաշտպանության օրը համարում է Հիմնադրամի տոնը ևս. «Բոլորիդ խնդրում եմ միշտ վառ պահել Ձեր միջի մանուկին, շարունակել երազել ու ժպտալ: Մենք էլ Ձեր կողքին կլինենք՝ ուղղորդելու Ձեզ, աջակցելու Ձեր նախաձեռնությունները և թևեր տալու»: 
Հանդիսության հատուկ հյուր էր ֆրանսիահայ Սևանա Չագրեանը. նրա անուշ ձայնով հնչող ազգային երգերը և ակորդեոնի ջերմ նվագը ուրախ շուրջպարի էին հրավիրել բոլոր մասնակիցներին: 
Քարակերտցի Խանում Գևորգյանն արդեն մի քանի տարի է՝ մասնակցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի խմբակներին և արդեն միջազգային ասպարեզում կարողացել է իրեն լավագույնս դրսևորել խոսքի ու գրիչի շնորհիվ: « Շատ չշփվող աղջիկ էի փոքր ժամանակ. միակ զբաղմունքս սովորելն էր: Երբ Հայաստանի մանուկներ հիմնադրամը Բանավեճի ակումբ կազմակերպեց, ես էլ մասնակցեցի ու հաղթեցի, այնքան փոխվեցի. Դարձա ավելի շփվող, ակտիվ ու նախաձեռնող: Հիմնադրամը փոխել է բոլորիս կյանքը»: 
Մանուկներին շնորհավորելու էին եկել «Նոր անուններ» միջազգային մրցույթների դափնեկիրները՝ քանոնահար Մերի Մուսինյանը, պատանի երգիչների Անահիտ Մովսիսյանը և Նարեկ Բալդրյանը: Մանուկների տոնը խորհրդավորությամբ էր լցրել Հայ աճպարարների միության անդամ Հայկ Ջանոյանը: 
Անակնկալներ էին պատրաստել «Թամարա» ՍՊԸ-ն՝ պաղպաղակներով զովացնելով ոգևորված երեխաներին, իսկ «Էդիթ պրինտ» հրատարակչությունը՝ մանկական գրքեր նվիրելով բոլոր դպրոցների գրադարաններին: 
Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից շնորհակալագրեր ստացան հյուրընկալողները, համայնքների տարբեր խմբակների ղեկավարները, տասնյակ կամավորները, հատուկ հյուրերն ու բոլոր աջակիցները: Տոնն ավարտվեց խմբային ավանդական լուսանկարով և մյուս տարի ևս մեծ շուքով տոնը նշելու ակնկալիքով: 
Լեռնագոգցի 11-ամյա համադասարանցիներ Աիդա Գրիգորյանը և Հռիփսիմե Ղազարյանն անչափ ոգևորված էին հանդիսությամբ: Տոնել էին ու զվարճացել և սպասում էին հաջորդ տարվա նմանատիպ մեծ տոնակատարությանը: Հայաստանի բոլոր մանուկներին իրենց մաղթանքն էր. «Երջանկություն, առողջություն և երկար տարիների կյանք, խաղաղ երկինք:» 
 
Նոյյան տապան  -   Մանկական էջ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play