Նախատեսվում է կրճատել քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության համար սահմանված ժամկետը


Նախատեսվում է կրճատել քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության համար սահմանված ժամկետը

  • 16-12-2010 17:00:22   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ազգային ժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին կառավարության հեղինակած օրինագիծը: Ըստ այդմ, նախատեսվում է քաղաքաշինության ոլորտում նախատեսվող գործունեության փորձաքննության իրականացման համար ժամկետ սահմանել առավելագույնը 15 օր` օրենքով նախատեսված 120-օրյա ժամկետի փոխարեն: Այդ ժամկետում լիազորված մարմնի կողմից պատաuխան չտալու դեպքում փորձաքննական եզրակացությունը կհամարվի դրական: Կառավարության հիմնավորմամբ, նախագծի նպատակն է, ելնելով գործարար միջավայրի բարելավման անհրաժեշտությունից, պարզեցնել քաղաքաշինական գործունեության իրականացման համար օրենքով պահանջվող փորձաքննության իրականացման ընթացակարգը: Օրենսդրական այս փոփոխությանը դեմ էր ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը: «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարում է, որ այս օրինագիծն ուղղված է մի խումբ մարդկանց, որոնց անունը գործարար աշխարհ են դրել, հնարավորություն ընձեռնելու վայրագ ասպատակություն կատարելու կանաչ տարածքների նկատմամբ: Գործող օրենքը թույլ տալիս է, որպեսզի 120 օրվա ընթացքում ստացվի բնապահպանական փորձագիտական եզրակացություն, եւ ամենեւին կարիք չկա 15-օրյա ժամկետ սահմանել», -հայտարարեց խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Հիշյալ փոփոխությանը դեմ են արտահայտվել նաեւ մի շարք բնապահպան կազմակերպություններ:
Նոյյան տապան  -   Հասարակություն